Նրանք մեզ պատերազմ առաջարկեցին, մենք հարսանիքով ենք պատասխանում. Հովիկ Հովսեփյան

Նրանք մեզ պատերազմ առաջարկեցին, մենք հարսանիքով ենք պատասխանում. Հովիկ Հովսեփյան

1183

Այսօր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում հրթիռակոծությունից հետո առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրություն։ Եկեղեցու զանգերի ղողանջներն ավետեցին արցախցի Հովիկի և Մարիամի պսակադրության լուրը։
Journalist.am-ը փորձեց կապ հաստատել զույգի հետ, երբ նրանք Արամ Մելիքյանի ուղեկցությամբ ուղևորվում էին Երևան։
Մարիամն ու Հովիկը մեկ ամիս իրար չէին տեսել, պատերազմը սկսվելու առաջին իսկ օրվանից Հովիկը մեկնել է ռազմաճակատ։ Հրետանավոր Հովիկը պսակադրության համար իջել էր դիրքերից, իսկ Մարիամը, Երևանից մեքենայով ուղևորվել էր դեպի Արցախ։

Զույգի հարսանիքը պլանավորված է եղել նախքան պատերազմը.
«Չնայած նրան, որ հարսանիքն ի սկզբանե պլանավորված էր, այնուամենայնիվ, հանպատրաստից էր, քանի որ նախատեսել էինք այլ ձևաչափով հարսանիք: Սակայն, միևնույնն է, զույգը որոշեց, որ հենց այս պահին պետք է լինի հարսանիքը, որն իր մեջ որոշակի խորհուրդ պետք է ունենա»,-նշեց Հովիկի կնքահայրը` Արամ Մելիքյանը:

Իսկ, թե ինչ խորհուրդ է իր մեջ պարունակել պսակադրությունը, Հովիկը պատասխանել է. «Նրանք մեզ պատերազմ առաջարկեցին, մենք հարսանիքով ենք պատասխանում»:

Թե ո՞րն էր հարսանեկան ճերմակ զգեստի փոխարեն, հայկական ավանդական տարազի ընտրության պատճառը, մանրամասնեց Մարիամը.
«Տարազը ավելի հայեցի է, խորհրդանշական, ազգային և իրավիճակին ավելի համապաստախան»,- ասաց նա և հավելեց. «Մատանիները ևս խորհրդանշական էին, նրանց հետևում գրված է` ՀԱՂԹԵԼ ԵՆՔ»։

Մարիամը, բոլոր այն զույգերին, որոնք հետաձգել են իրենց հարսանիքները, ելնելով իրավիճակից, խորհուրդ է տալիս` հետևեն իրենց օրինակին և չհետաձգեն:
«Մեզ բոլորիս մաղթում եմ խաղաղություն և հաղթանակ, իսկ այն զույգերին, որոնք հետաձգել են իրենց պսակադրությունը, թող անհապաղ ամուսնանան, որովհետև մեր դատարկված շարքերը պետք է վերականգնվեն»։

Չնայած նրան, որ պատերազմը շարունակվում է և տաճարում գտնվելը վտանգավոր էր, այնուամենայնիվ, Մարիամը վստահ էր ու հույսով լի` ոչ մի վատ բան չի լինելու։

5 օրից Հովիկը կրկին վերադառնալու է առաջնագիծ ու կանգնելու իր զինակից ընկերների կողքին: Իսկ այն հարցին, թե ինչ կմաղթի հայ ազգին, հրետանավորին հատուկ քչախոսությամբ, բայց իր գործը լավ իմացող Հովիկն ասաց. «Լյոխ լյավա իննյան»։

Հեղինակ՝ Մերի Մանուկյան

Կիսվել