Որ մեր սահմանապահը շրջվի ու տեսնի՝ Ավագյանների տան լույսը վառվում է

Որ մեր սահմանապահը շրջվի ու տեսնի՝ Ավագյանների տան լույսը վառվում է

577

Արդեն տևական ժամանակ Արցախում պատերազմ է, շատերը  նոր են տեղեկանում դրա մասին, հետո ինչ-որ տեղ զարմանում՝ ոնց հանկարծակի սկսվեց այն։ Իրականում պատերազմը չէր էլ ավարտվել 2016 թվականի ապրիլյան մարտական գործողություններից հետո և նույնիսկ դրանից առաջ։ Այդ մասին լավ գիտեն սահմանամերձ բնակավայրում ապրողները, ովքեր ամեն օր քնում ու արթնանում են այդ ձայների ներքո։

Ես Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղից եմ։ Գրեթե գիտակից ամբողջ կյանքս անցրել է կրակոցների տակ։ Այստեղ ապրողներից յուրաքանչյուրը՝ մեծից փոքր,  ռազմական գործի սկսնակ գիտակ է․ կրակոցի ձայնից կարող ենք մոտավոր զենքի տեսակը որոշել։

Հուլիսյան մարտերի ժամանակ գյուղում եմ եղել, առաջին անգամ էի այդքան ուժեղ ու շատ լսում հրետանու ձայնը։ Գյուղում նույնիսկ հրետանու  տակ մարդիկ իրենց առօրյա գործերն էին անում․ խոտը պետք է հավաքել, կենդանիներին կերակրել։  Երբ երեկոյան ժամը յոթն էր գալիս, ապաստարանում հավաքված տղամարդիկ վեր էին կենում, գնում գոմերը․ կենդանիներին կերակրելու ժամն է, սոված չմնան։

Հիմա ես Երևանում եմ, տատիկս, փոքր քույրս ու եղբայրս՝ Բերդ քաղաքում։ Գյուղի տանը մնացել են ծնողներս։ Երբ Արցախում  սկսվեց պատերզամը, հայրս, ապահովության համար, մեզ գյուղից դուրս բերեց, բայց ինքը ու մայրս մնացին, որ մեր սահմանապահը շրջվի ու տեսնի՝ Ավագյանների տան լույսը վառվում է։

Հիմա գյուղում հաճախակի խախտվող լռություն կա։ Մի քանի օր առաջ գնացել էի այնտեղ, ամեն ինչ սովորական էր՝ աշունը արդեն սկսվել է, գյուղացիները վերջին բերքն են հավաքում այգիներից, հետո դրանք սկսում պահեստավորել ձմռան համար։  Մայրիկս ընտիր սխտորներն էր առանձնացրել, որպեսզի տանի ցանելու՝ մեր՝ գյուղից դուրս գտնվող այգում։ Անհանգստացա․ «Մամ, պետքը չի մեզ այդ սխտորը, վտանգավոր է, քնալ մի»,- ասացի ես։ Իսկ մայրս իր հայացքը սկզբում սաստկացրեց, հետո մեղմացրեց ու պատասխանեց․ «Բա, ծեր սիրած սալաթը հու առանց սխտորի չդեք ուտիլ»։

Լիա Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել