Մոտ մեկ ամիս է՝ Արցախում պատերազմ է։ Դրա հետևանքով Արցախցի շատ ընտանիքներ ստիպված են եղել հեռանալ իրենց բնակավայրերից։ Ազգությամբ հայ տասյոթամյա Հակոբ Տոնին իր կյանքում երեք պատերազմ է տեսել։ Դեռ ընտանիքով Սիրիայում էին ապրում, երբ սկսվեց պատերազմը։ Այդ ժամանակ Հակոբն ինը տարեկան էր, պատմում է՝ ինչպես հինգ հոգանոց ընտանիքով եկան Հայաստան և մեկ շաբաթից տեղափոխվեցին Արցախ ապրելու․ «Սիրիայից եկանք Հայաստան ու հետո տեղափոխվեցինք Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական համայնք, հայրիկս այնտեղ աշխատանքի անցավ։ Մենք՝ ես ու քույրերս, տեղի դպրոցն ենք գնացել»,-պատմում է նա։
2016 թվականի ապրիլյան մարտերի ժամանակ էլ Հակոբը ընտանիքի հետ Արցախում էր, ասում է՝ այս նոր պատերազմը նման չէ Ապրիլյանին․ ավելի մեծ տրամաչափի զինտեխնիկա է օգտագործում հակառոկորդը․ «2016 թվականին, երբ սկսվեց մարտերը, մենք դպրոց էինք գնում, ամբողջ գործողությունների ընթացքում դպրոց ենք գնացել։ Իսկ այս նոր պատրազմը հենց սկսվեց՝ դասերը դադարեցրին»,- հիշում է արցախցին։
Կովսական համայնքում պատերազմի արկերի տակ մարդիկ շարունակում են ապրել ու պահպանել հողը։ Հակոբը պատմում է, որ տղամարդիկ ու մեծահասկաները գյուղում են՝ զենք բռնած պահում են գյուղի սահմանները, ինչպես և Արցախի մյուս համայնքներում․ «Մինչև հոկտեմբերի 10-ը ես էլ Արցախում էի, հետո մայրիկիս հետ եկանք Հայաստան՝ քույրերիս մոտ։ Մեր բարեկամները ու հայրս Կովսականում են։ Մայրս այս ընթացքում մեկ անգամ գնացել-եկել է Արցախ, հորս շատ դժվարությամբ է այնտեղ թողել»,- անկեղծանում է Հակոբը։
Երևան գալուց հետո արցախցի պատանին ձեռքերը ծալած չի նստել, անդամագրվել է զինպատրաստության դասընթացներին և ամենօրյա կանոնակարգով մասնակցում է դրանց․ «Ամեն պահի պետք է պատրաստ լինել, չենք իմանա՝ որ պահին կզգացվի պատանիներիս օգնության կարիքը, դրա համար մասնակցում եմ դասընթացներին։ Հետո, որ մեր օգնության հասնելու կարիքը չլինի, այս գիտելիքները մյուս տարի կօգտագործեմ բանակում, մյուս տարի զորակոչվելու եմ»,- հպարտանում է արցախցին։
Հակոբը սպասում է Արցախ վերադառնալուն, ասում է՝ դասերը կիսատ են մանցել, իսկ Արցախն ավելի քան երբևէ շենացնելու կարիք կա։
Լիա Ավագյան
3-րդ կուրս