Վրձինը՝ զենք դարձրած. նկարչուհին կտավների ողջ հասույթը փոխանցում է «Հայաստան» հիմնադրամին

Վրձինը՝ զենք դարձրած. նկարչուհին կտավների ողջ հասույթը փոխանցում է «Հայաստան» հիմնադրամին

1869

Արցախյան նոր պատերազմի սկսվելուց ի վեր յուրաքանչյուր մարդ իր միջոցների և կարողությունների չափով օգնում է Հայոց բանակին և արցախցիներին:

Նկարչուհի Մանու Հարությունյանն իր վրձինն է զենք դարձրել։ Նա հայերի հերոսական պայքարը պատկերող նկարների շարք է սկսել, որի վաճառքից ստացված հասույթը փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Մանուն անդրադառնում է բոլոր թեմաներին, որոնք ազդեցություն են թողնում իր վրա։ Պատերազմն աննկատ չանցավ իր կողքով:

Սեպտեմբերի 27-ին նա կարդում է Մովսես գյուղի քահանա Տեր Աբելի խոսքերը. «Նայեցի զինվորների աչքերին և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն» և, ոգեշնչված այս խոսքերից, սեպտեմբերի 28-ին ձեռնամուխ է լինում նոր կտավի ստեղծմանը, որում պատկերում է Տեր Աբել քահանային, «Մենք ենք, մեր սարարերը» կոթողը և Արցախի դրոշը:

«Երբ սկսվեցին դրամահավաքները, ես որոշեցի վաճառել կտավը, բայց ոչ թե սիմվոլիկ գումար նշելով, այլ այն աճուրդի հանելով, որպեսզի կտավը ստանար այն մարդը, ով ամենաբարձր գինը կառաջարկեր»:

Մանուն կտավի վաճառքի մասին հոլովակ է նկարում և տեղադրում Ֆեյսբուքում:

«Ի զարմանս ինձ՝ նախաձեռնությունը շատ մեծ արձագանքներ ստացավ, կտավը վաճառեցի 800 ԱՄՆ դոլարով»,-նշում է նա:

Առաջին հաջողված վաճառքից հետո նկարչուհին որոշում է կտավների շարք ստեղծել և պատկերել հերոս տղաներին, որպեսզի յուրաքանչյուր գնորդ իր տանը ունենա այն մարդու նկարը, ում պարտական է իր կյանքի համար:

«Շարքի սկիզբը ազդարարեցի Ալբերտ Հովհաննիսյանի ամենահայտնի նկարով, որը բոլորիս սրտում տեղ ունի, որն ազդեցություն է թողել բոլորիս վրա»:

Մանուն նշում է, որ Ալբերտի այդ նկարում տեսնում է սեր, ուժ, կամք, հաղթանակ, այդ պատճառով էլ որոշեց առաջին հերթին պատկերել Ալբերտին։

Նա Ալբերտի պատկերը կտավին է հանձնում 3-4 օրվա ընթացքում, որից հետո այդ մասին տեղեկատվությունը տեղադրում է ֆեյսբուքում։ Աճուրդը տևում է մի քանի օր, և կտավը վաճառում է ամերիկաբնակ հայի, որը կտավի համար առաջարկում է ամենաբարձր գինը՝ 5000 ԱՄՆ դոլար։ Մանուն կտավի վաճառքից ստացված ողջ հասույթը կրկին փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Ես ուզում եմ, որ մենք հիմա ավելի քան երբեք ուժեղ լինենք, հասկանանք, որ տանը նստելով, լաց լինելով, հուսալքվելով չենք օգնի մեր բանակին։ Ես թիկունքի զինվորն եմ, ես թիկունքից եմ պայքարում թշնամու դեմ: Հիմա է կյանքում ամենաուժեղը լինելու ժամանակը, հիմա պահն է, որ յուրաքանչյուրը ուժեղ լինի ու ապացուցի, թե ով ով է։ Արժանի լինենք մեր հերոսների զոհողությանը, որովհետև եթե հիմա ես էստեղ հանգիստ նստած եմ, դա միայն մեր սահմանին կանգնած հերոսների շնորհիվ է»,- եզրափակում է նկարչուհին։

Լիլիթ Խլղաթյան

3-րդ կուրս

Կիսվել