Ադրբեջանի հասարակության շրջանում ներկայումս էյֆորիկ վիճակ է․ Էդգար Էլբակյան

Ադրբեջանի հասարակության շրջանում ներկայումս էյֆորիկ վիճակ է․ Էդգար Էլբակյան

795

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրթիռահրետակոծություն է սկսել: Թշնամին թիրախավորել է նաև խաղաղ բնակավայրեր, կան բազմաթիվ զոհեր։ Ռազմական գործողություններն ու համառ մարտերը սահմանի ողջ երկայնքով շարունակվում են առ այսօր։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները բազմիցս կրակը դադարեցնելու մասին կոչեր են հնչեցրել։ Ադրբեջանական կողմը երկու անգամ խախտել է նախօրոք պայմանավորված հումանիտար զինադադարը, սկզբում՝ հոկտեմբերի 10-ի պայմանավորվածությունն, ապա նաև հոկտեմբերի 18-ի մարդասիրական զինադադարը։

Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանի խոսքով՝ պարտությունը «շատ թանկ» կարող է նստել Ադրբեջանի վրա․ «Անհաջողությունն ու պարտությունն ամբողջական քայքայման կարող է տանել ինչպես Ադրբեջանում իշխող վերնախավին, այնպես էլ պետությունն առհասարակ»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում հասարակության արձագանքին, ապա Էդգար Էլբակյանը նշում է, որ մեծ սպասումներ կան․ «Ադրբեջանի հասարակության շրջանում ներկայումս էյֆորիկ վիճակ է, առկա են բարձր սպասումներ։ Դժգոհությունների առումով, եթե դրանք առկա են, առնվազն չեն երևում կամ համատարած էյֆորիայի պայմաններում մնում են զուտ անձնական մակարդակի վրա»։

Ադրբեջանագետը հատկապես ընդգծեց Թուրքիայի ազդեցությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ պատերազմի վրա․ «Ադրբեջանում Թուրքիայի ազդեցությունը վերջին տասնամյակում կտրուկ մեծանում էր, և այս պատերազմում Թուրքիայի ներգրավումը դրա հանգուցալուծումն էր։ Միջնաժամկետ հեռանկարում Ադրբեջանը կարող է իր ամբողջ հանքահումքային պաշարներով դառնալ Թուրքիայից խիստ կախված երկիր»։

Էդգար Էլբակյանը վտանգավոր է համարում ողջ տարածաշրջանի համար  վարձկանների տեղակայումն արցախադրբեջանական սահմանին․ «Վարձկաններից եկող վտանգն այն է, որ նրանք հաճախ կարող են անկառավարելի դառնալ, այդ թվում՝ Ադրբեջանի համար»։

Էլենիտա Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել