Լավ «ՄԻՏՔԸ»

Լավ «ՄԻՏՔԸ»

562

Հեղափոխությունից հետո մի խումբ երիտասարդներ հավաքվեցին, խելք խելքի տվեցին, մտքեր փոխանակեցին ու որոշեցին ՀԿ ստեղծել: Ճանապարհը հեշտ չէր, բայց լավ արդյունքը մոռանալ տվեց բոլոր դժվարությունները: Մտքերի համադրմամբ ու բախումով ստեղծվեց «ՄԻՏՔ»-ը՝ նոր երիտասարդական ՀԿ: Իմ զրուցակիցն է  «ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն ՀԿ կրթական ծրագրերի ղեկավար Ելենա Հարությունյանը:

-Ձեր կազմակերպությունը ստեղծվել է 2018 թ. հեղափոխությունից հետո։ Հեղափոխությունն ինչ-որ կերպ նպաստե՞ց կազմակերպության ստեղծմանը:

-Մեր կազմակերպության անդամներն ամենքն իրենց համայնքում զբաղված էին համայնքի բարելավման աշխատանքներով։ Հեղափոխությունից հետո որոշեցինք միավորել ջանքերը և ավելի օգտակար, արդյունավետ գործունեություն ծավալել՝ հանուն մեր համայնքների զարգացման։ Հեղափոխությունը նպաստեց մի քանի տեսակետից։ Նախ՝  մի վայրում համախմբեց համահունչ մտքերը, գաղափարները և մարդկանց, ապա  ստեղծեց հանուն համայնքի, հասարակության, պետության աշխատելու շարժառիթ: Հետաքրքիր է նաև մեր կազմակերպության անվան ընտրությունը: Գրեթե երկու շաբաթ տանջվել ենք ընտրության վրա: Սկզբում վիճում էինք՝ լատինատառ, թե հայատառ, և հաղթեց հայատառը: Որոշեցինք՝ ամեն մեկս մի բառ ասի, բառերի միքս անենք: Հետո որոշեցինք մեր առաջարկած բառերից հապավում ստանալ և ստացանք ՄԻՏՔ:

-Իսկ ի՞նչ միջոցներով է ֆինանսավորվում ձեր կազմակերպությունը:

-Շուրջ մեկ տարի մեր կազմակերպությունն աշխատել է ինքնաֆինանսավորմամբ․ մենք համոզմունք ունենք, որ փողը միակ նախադրյալը չէ նպաստավոր գործեր անելու համար, որում և համոզվեցինք մեր գործունեության ընթացքում, իսկ ավելի մեծածավալ աշխատանքներ սկսելու և ինստիտուցիոնալ կայացման համար ստացանք ֆինանսավորում  European Endowment for Democracy կազմակերպությունից, որը հիմնականում ֆինանսավորում է նոր կայացող կազմակերպություններին:

-Ձեր ՀԿ-ի անդամները 16-30 տարեկան երիտասարդներ են։ Աշխատանքի ընթացքում  առաջանո՞ւմ են արդյոք  կոնֆլիկտներ, մտքերի բախումներ:

-Բացարձակ։ Մենք ավելի հաճախ ունենում ենք աշխատանքային քննարկումներ, երբեմն՝ անհամաձայնություններ այս կամ այն աշխատանքը, միջոցառումներն իրականացնելու վերաբերյալ: Եվ ուղեղների, գաղափարների այդ բախումը, եթե կոնստրուկտիվ հիմք ունի, կենսական նշանակություն ունի յուրաքանչյուր կազմակերպության համար, քանի որ բանավեճերից ճշմարտություն է ծնվում, իսկ  գաղափարներից՝ ավելի լավ գաղափարներ։

Ո՞րն է եղել ամենամեծ հաջողությունը, որ ունեցել եք այս ընթացքում:

Որպես հաջողություն կարող եմ նշել երիտասարդական խմբերի ձևավորումը և սերտ համագործակցությունն Արարատի, Կոտայքի, Արմավիրի, այս տարվա աշխարհագրության ընդլայնումից հետո՝ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռվա մարզերում։ Սպիտակ քաղաքում ձևավորված երիտասարդական նախաձեռնության ջանքերով քաղաքում ակտիվացել է երիտասարդական, մշակութային կյանքը, կազմակերպվում են տարբեր ձևաչափերի միջոցառումներ՝ կինոդիտումներից  մինչև գրքի քննարկում, քաղաքային իշխանության մակարդակով խնդիրների բարձրաձայնումից մինչև ՏԻՄ-ի հետ համագործակցություն և լուծում:

Իսկ ի՞նչ սկզբունքով են ընտրվում քննարկման թեմաները:

-Մեր կազմակերպությունն ունի տեսլական, առաքելություն, իսկ անելիքները՝ ներառյալ քննարկման թեմաները, ընտրվում են կա՛մ մեր առաքելությունից, տեսլականից, կա՛մ էլ առաջանում են ինքնաբուխ՝ ներկա իրավիճակով պայմանավորված։ Օրինակ՝ սկզբում կորոնավիրուսը փոխեց մեր քննարկման թեմաները և աշխատանքային օրակարգը՝ հանգեցնելով մեր գործունեության որոշակի փոխակերպումների, ասյօր էլ՝ պատերազմը։ Ճգնաժամային, փոփոխվող իրավիճակներում կազմակերպությունները պետք է կարողանան ճիշտ փոխակերպման ենթարկվել՝ չկորցնելով իրենց հիմնական առաքելությունը և տեսլականը։

Ապագայի համար ի՞նչ ծրագրեր ունեք:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ մեր գրեթե բոլոր աշխատանքները դադարեցվել են, բայց ակտիվ է առցանց գործունեությունը։ Կազմակերպել ենք առցանց կինոդիտումներ, վեբինարներ, քննարկումներ։ Այժմ փորձում ենք հասարակությանն իրազեկել և կազմակերպում ենք վեբինարներ արտակարգ իրավիճակներում պաշտպանվելու թեմաներով։

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել