Ճանաչենք մեր հերոսներին. Արտակ Գասպարյան

Ճանաչենք մեր հերոսներին. Արտակ Գասպարյան

1525

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում քաջաբար զոհվել է Արտակ Գասպարյանը։ Արտակը ծնվել է 2000 թ.-ի սեպտեմբերի 7-ին քաղաք Արթիկում։  

Արտակի վառ ու առանձնահատուկ կերպարը մեզ համար բացահայտեց զինակից ընկերը (անունը չցանկացավ նշել):

Ընկերոջ խոսքով՝ Արտակը, ով ծառայության ընթացքում ոչնչից չի դժգոհել, չափից դուրս ուրախ մարդ էր. «Արտակը շատ հավեսով, ուրախ ու անմիջական մարդ է, իր մասին ներկայով եմ խոսում, քանզի նա անմահ է և մեզ հետ կմնա միշտ»։

Ժպիտով է հիշում, թե անվախ տղան ինչպես էր բողոքում, որ աղջիկների առումով բախտը չի բերում։ Շատ էր ուրախանում, երբ շփումը ստացվում էր։

Զինակիցը  անասելի հիացմունքով է խոսում, ասում է՝ հերոսը  հոգ էր տանում բոլորի մասին. «Ինձ միշտ ասում էր՝ դիրքերում զգույշ կլինես, բան չի մնացել, գնում ես տուն, հասնես ծնողներիդ, հետո էլ ես կգամ, լավ քեֆ  անենք, բայց էսօր ես հասել եմ  իմ ծնողներին, իսկ ինքը հերոսացել է մեզ համար»։

Արտակը շատ ընկերասեր է եղել, անգամ մի բաժակ ջուրը  կտար ընկերոջը, հենց դրա համար էլ  հերոսի քայլը բնավ զարմանալի չէ։

«Առանց մի վարկյան մտածելու կյանքը շռայլել է մեզ համար, որ մենք ապրենք ապահով, ինքն ուրիշ ձևի տղա է՝ ընկերասեր, նվիրվող, անձնազոհ ու շատ հայրենասեր»։

Ասում է՝ Արտակը ծառայության ընթացքում ամենաշատը սիրում էր դիրքերում եղած ժամանակը․ «Անգամ, երբ նոր էր եկել ծառայության, սերժանտներին հարցրել էր, թե երբ ենք բարձրանալու դիրքեր»։

«Միշտ շեշտում էր՝ երբ գիտակցում ես, որ քո հույսով մի ամբողջ ազգ հանգիստ քնած է, հաստատ համոզվում ես, որ դիրքերում պետք է լինես»։

Ընկերը, երբ իմացել է Արտակենց դիրքի վրա կրակել են, անմիջապես զանգել է, ասում է՝ առանց խուճապի ասել է՝ ես էստեղ եմ, պատասխանը տվել եմ…

Վերջին անգամ խոսել են ամսի 24-ին, Արտակը իրեն բնորոշ ձևով հանգստացրել  է՝ ամեն ինչ շատ լավ է, բան չի մնացել, գալու եմ միասին գործ սկսենք։

«Որոշել էինք միասին գործ սկսել, դեռ չէինք պլանավորել, թե ինչ ենք անելու, բայց որ միասին էինք անելու, դա հաստատ։ Միշտ ասում էր՝ գալու եմ հորս օգնեմ, ընտանիքիս կողքին լինեմ»։

Ընկերը նոր է ծանոթացել Արտակի ընտանիքի հետ ու հասկացել, որ նա նման բարձր արժեքներ ընտանիքից է ժառանգել. «Շնորհակալ եմ նրա ծնեղներին, որ նման որդի են դաստիարակել, ու հենց նրա պես տղերքի շնորհիվ է, որ հայ ազգը եղել է ու կլինի»։

Արտակը, Հադրութի դիրքերում մինչև վերջ անձնվիրաբար կռվելով, զոհել է կյանքը՝ հանուն բոլորիս ազատության։

Նելլի Իգիթյան

2-րդ կուրս

Կիսվել