Այսօր պաշտպանված են որակյալ ու ֆիլտրված լրատվությամբ իրազեկվածները․ մեդիահոգեբան

Այսօր պաշտպանված են որակյալ ու ֆիլտրված լրատվությամբ իրազեկվածները․ մեդիահոգեբան

791

Ցանկացած ճգնաժամային իրավիճակում (իսկ պատերազմը համարվում է ճգնաժամային և կյանքի բնականոն հունից դուրս իրավիճակ) առկա են և լինում են հոգեբանական բազում խնդիրներ։ Սա պայմանավորված է նրանով, որ նախ և առաջ մարդը սովոր չէ այն ձևին և բովանդակությանը, որն իր հետ բերում է պատերազմը և պատերազմական իրավիճակը։ Ուստի, հոգեբանական խնդիրներն ուղղակի անխուսափելի են թե՛ ճակատում, թե՛ թիկունքում գտնվողների համար։

Ըստ մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի՝ այս օրերին համացանցում տարածվող մեդիա կոնտենտը մարդու հուզակամային ոլորտի վրա թողնում է հսկայական ազդեցություն, որովհետև այսօր մարդկանց հոգեկան ներաշխարհը չափազանց փխրուն է, նրանք հուզականորեն լարված են և ամեն պահի՝ պատրաստ պոռթկալու: Կան բազում առանձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնել, հատկապես այն ժամանակ, երբ ցանկացած գրառում, կտրուկ վարքային դրսևորում կարող են հուզականորեն «ծնկի բերել» մարդուն․ «Այսօր համացանցը լի է էմոցիոնալ գրառումներով, որոնք հարազատ կորցրածների համար հատկապես կրկնակի սթրեսորներ են, և անձին ստիպում են վերհիշել ու հուզականորեն վերապրել վիշտը»: Հոգեբանը հորդորում է՝ այս իրավիճակում անհրաժեշտ է հետևել մեդիահիգիենային, որովհետև այն կարող է հեռու պահել մեզ բացասական ապրումներից և հուզականորեն չթիրախավորել։ Այսօր պաշտպանված են նրանք, ովքեր իրազեկված են միայն որակյալ ու ֆիլտրված լրատվությամբ։ «Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ հատկապես այս օրերին բացասական կոնտեքստի ինֆորմացիան շատ ավելի է տարածվում, որն էլ հենց տիրող հուզական դիսբալանսի պատճառն է», – նշեց հոգեբանը՝ հավելելով, որ առաջին բանը, որ պետք է այսօր հնարավորինս կանխել, որդու դիակի մոտ սգացող մայրերի, դիակների, վնասված երեխաների նկարները առանց «բլյուր» էֆֆեկտի տարածելն է։ Այն հոգեբանորեն չափազանց ուժեղ ներազդում է և էթիկական տեսանկյունից դատապարտելի է․«Այն հաճախ ստվերվում է հանրային գերակա շահի առկայությամբ (այն է՝ նման հրապարակումները աշխարհի աչքերը և ականջները բացելու և ձայնը լսելի դարձնելու համար են), սակայն երևույթի հոգեբանական կողմն անտեսել ոչ մի դեպքում չի կարելի»:

«Միայն այս դեպքում է հնարավոր սառը դատողությամբ և բանականությամբ առաջնորդվել՝ նվազեցնելով էմոցիոնալ շահարկումները»,- նշեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝  հասարակությունը ահռելի դեր ունի կորուստ ունեցող մարդու կյանքում․ «Պետք է մարդուն հնարավորինս աջակցել, վառ պահել հերոսի կերպարը: Ծնողը պետք է հասկանա, որ ինքն իր վշտի մեջ մենակ չէ, որ իրեն ապրումակցում են. դա էլ իր հերթին պետք է լինի գրագետ, ճիշտ և գիտակցված»։

Նաև ցանկալի չէ կիսվել զոհվածի սոցիալական էջով, որովհետև դա նույնպես հուզականորեն ուժեղ ներազդում է․ այլ բան է տեսնել զինվորի նկարը, այլ բան է կցված հղումով վերջինիս էջին անցնել, տվյալ մարդուն ավելի լավ ճանաչել. դրանք անձի հոգեկան ներաշխարհը տակնուվրա են անում՝ ևս մեկ անգամ ուժեղացնելով ցավը։ «Մեր հերոսներին դեռ անդրադարձ շատ է լինելու, բայց պատերազմի ավարտից հետո, երբ հուզական ֆոնը քիչ թե շատ կարգավորված կլինի: Առաջին հայացքից հասարակ թվացող բաներ են, բայց հենց նման քայլերով մենք պիտի հոգեբանորեն աջակցենք ու սատարենք թիկունքում»,- ասաց մեդիահոգեբանը:

Անդրադառնալով լրագրողներին՝ նշեց, որ մասնագիտական գործունեության մեջ պետք է լինել հնարավորինս զուսպ, գրագետ, ծանոթանալ որդեկորույս մոր հետ զրուցելու հոգեբանական նրբություններին․«Վերջիններիս հետ աշխատելը բարդ է նույնիսկ հոգեբանների համար, իսկ լրագրողները, մոտենալով և տեսախցիկի առջև նրանց հարցեր տալով, էլ ավելի են խորացնում վիշտը։ Իսկ մարդուն չի կարելի հիշեցնել իր վիշտը, այնուհետև թողնել դրա հետ մենակ և հեռանալ։ Դրանից հետո մարդուն հուզականորեն կարգավորել է պետք»:

«Սրանք ամենատարրական կանոններն են, որոնք ոչ մի դեպքում անտեսել չի կարելի»,- եզրափակեց հոգեբանը:

Հասմիկ Անդրեասյան

3-րդ կուրս

Կիսվել