«Երբ պատերազմն ավարտվի, ես կգնեմ հայկական դրոշ և կգնամ հաղթանակը հայրենիքումս նշելու»

«Երբ պատերազմն ավարտվի, ես կգնեմ հայկական դրոշ և կգնամ հաղթանակը հայրենիքումս նշելու»

1326

24-ին Plexiart-ի և Prokat.am-ի համատեղ ջանքերով Հյուսիսային պողոտայում կայացավ «Երեխաներն ընդդեմ պատերազմի» միջոցառումը, որը կազմակերպվել էր հատուկ Արցախից ժամանած երեխաների համար, ովքեր այս պահին գտնվում են Երևանում։ Միջոցառման ընթացքում երեխաները նկարեցին, այնուհետև իրականացվեց աճուրդ, և նրանք վաճառեցին իրենց ձեռքի գործերը, որոնցից ստացված հասույթն էլ փոխանցվեց Հայաստան համահայկական հիմնադրամին։ Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Արցախից ժամանած երեխաները, այլ նաև տեղաբնակները։

«Գնիր նկարը, օգնիր բանակին»՝ ահա այս կարգախոսով էլ ուղեկցվեց միջոցառումը։

«Ես նկարում եմ հայ զինվորին, ով պահում է Արցախի դրոշը և պաշտպանում է Արցախը։ Նկարել եմ Ղազանչեցոց եկեղեցին, մեր դպրոցը, Արցախի տատիկին ու պապիկին, արև թռչուններ, որոնք խաղաղություն են խորհրդանշում»․նշեց տասնամյա արցախցի Անդրեն։

Իննամյա Գագիկը սեպտեմբերի 30-ին է  տեղափոխվել Երևան։ Նա պատմեց՝ ինչպիսի զգացողություններ ուներ, երբ սկսվեց պատերազմը․ «Երբ ես ձայներ լսեցի, շատ վախեցա, գնացի մայրիկիս մոտ, մայրիկս ասաց, որ թշնամին փորձում է հարձակվել հայրենիքի վրա, ես մի քիչ մտահոգվեցի ու սկսեցի տխրել, քանի որ հայրենիքս մի փոքր վտանգի տակ էր այդ ժամանակ, հետո, երբ կռիվը սկսվեց, ավելի շատ վտանգի տակ հայտնվեց հայրենիքս, և ես մի փոքր ջղայնացա։ Երբ պատերազմն ավարտվի, ես կգնեմ հայկական դրոշ և կգնամ հաղթանակը հայրենիքումս նշելու»։

Միջոցառման կազմակերպիչ՝ Plexiart-ի հիմնադիր Լանա Հարությունյանը ներկայացրեց՝ ինչպես ծագեց միջոցառումը կազմակերպելու գաղափարը․ «Արցախից եկած երեխաները, բոլորս էլ գիտենք, ինչ կարգավիճակում են Երևան հասել, և անհրաժեշտ էր նրանց օրը մի փոքր գունավորել։ Երեխան մանկուց պիտի իմանա, որ պետության մեջ շատ կարևոր մարմին է, և ինքը պիտի իր ողջ ներուժով օգնի բանակին»։

«Փողերդ քամուն մի՛ տուր, փոխանցիր բանակին»՝ այս գրությամբ արկղի մեջ էլ հավաքվում էր վաճառքից գոյացած գումարը․ «Միջոցառումը պիտի լինի շարունակական, քանի որ զինվորը մեկ օր չէ, որ կռվում է, մենք շարունակաբար պիտի թիկունքում օգնենք նրանց»,- նշեց Լանա Հարությունյանը։

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ղարայան Սյուզաննան, ով դասավանդում է Հադրութի շրջանի Ուղտաձոր գյուղի դպրոցում, երեխաների հետ պատահաբար էր հայտնվել միջոցառման վայրում։ Տիկին Սյուզաննան վերհիշեց՝ ինչպես են ժամանել Երևան։

«Սեպտեմբերի 28-ին անհապաղ երեխաներին տարանք ավելի խուլ գյուղեր, որտեղ ականների պայթյունը շատ խուլ էր լսվում, և այդ օրը մեզ ասացին, որ անհապաղ պիտի Երևան գանք։ Փառք Աստծո, Հայաստանում մարդիկ գտնվեցին, ովքեր  մեր երեխաների կողքին եղան, ովքեր լցնում են նրանց առօրյան, շեղում են այն ամենից, ինչի միջով անցել են նրանք, քանի որ մենք չենք կարողանում շատ ժամանակ հատկացնել մեր երեխաներին․անընդհատ հեռախոսազանգերի ենք  սպասում, անհանգիստ ենք, և մեր վատ տրամադրությունները փոխանցվում են երեխաներին»․ նշեց տիկին Սյուզաննան։ Նրանք պատահաբար էին հայտվել միջոցառման վայրում․երեխաներին զբոսանքի էին տարել։ Տեսնելով միջոցառումը՝ որոշել էին մասնակցել և իրենց փոքրիկ լուման ներդնել։

«Երևանյան հեքիաթներ» գրքի հեղինակ Արփի Մաղաքյանը ևս ներկա էր միջոցառմանը, նա Արցախից ժամանած երեխաների համար հեքիաթներ է կարդում․ «Շատ վայրերում ենք եղել երեխաների հետ, դեռ շատ վայրեր էլ պիտի այցելենք, չեմ թողնում, որ իրենք ընտրեն՝ ինչ ստեղծագործություններ ընթերցեմ իրենց համար (ծիծաղում է)։ Հիմնականում Տիգրան Մեծի հեքիաթն եմ ընթերցում»։

Մերի Ալոյան

3-րդ կուրս

Կիսվել