Շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները. որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ...

Շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները. որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են. Արծրուն Հովհաննիսյան

702

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ երեկ` ուշ երեկոյան, մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ:

«Վաղը մենք ինտերակտիվ քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները:
Այսօր վաղ առավոտյան, ինչպես հայտնեց ՊԲ-ն, ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների ԶՈՒ չստորաբաժանումներ, հարավարևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին մի քանի ուղղություններով միաժամանակ հրետակոծելով և ռմբակոծելով Արցախի քաղաքները»
,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը ավելացրեց, որ ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը` կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել:

«Նույն ժամանակ նախկինում նշված, Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները: Որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են. Շեխեր, Ջիվանիկ, Ազոխ և հարակից այլ գյուղերում»,-նշեց Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նաև ասաց, որ հակառակորդը որոշ տեղերում ունեցել է հաջողություն։

«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, հմտությանը, տոկունությանը: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին։ Հաճախ մենք, այո, նահանջում ենք, որովհետև մարդկանց կյանքն ավելի թանկ է: Նոր բնագծեր ենք զբաղեցնում, բայց դա ճակատագրական չէ: Վիճակը ծանր է, մարտերը դաժան են, պատերազմը սաստիկ է, բայց անելանելի չէ»,-նշեց ՊՆ ներկայացուցիչը։

Կիսվել