Պատերազմի ազդեցությունը զինծառայողների հոգեկան աշխարհի վրա. զրույց հոգեբանի հետ

Պատերազմի ազդեցությունը զինծառայողների հոգեկան աշխարհի վրա. զրույց հոգեբանի հետ

1088

Հոգեբան Էլոննա Ավետյանի հետ զրուցել ենք վիրավոր զինծառայողների հոգեկան աշխարհի վրա պատերազմի հնարավոր ազդեցության մասին։

Ի՞նչ է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը, և որո՞նք են այն խնդիրները, որոնց բախվում են մարտական գործողություններով անցած զինծառայողները։

Հետտրավմատիկ սթրեսային խանգարման հաճախ բախվում են նաև ռազմական գործողությունների միջով անցնող անձինք և ովքեր ծանր վնասվածքներ են ստացել։ Նրանց մոտ առաջանում է հոգեբանական տրավմա: Հատկանշական է անհանգստության զգացումը, վիրավորներին տանջում են իրադարձությունները, որոնց միջով նրանք անցել են, սեփական ֆիզիոլոգիական վիճակը:

Հատկապես ո՞ր դեպքերն են սթրեսի պատճառ դառնում։

Հաճախ հանդիպող դեպքերն են մարտական ընկեր կորցնելը, ռազմական գործողությունների ընթացքում կատարվածն ու դաժան տեսարանները։

Որո՞նք են սթրեսի հիմնական ախտանիշները, և արդյոք դրանք միանգամից ակնհայտ են դառնում։

Իհարկե, ժամանակ է պետք շոկից դուրս գալու համար։ Դեպքից հետո զինծառայողը անընդհատ վերհիշում է կատարվածը։ Նրանք հաճախ մտովի վերադառնում են մարտադաշտ, որը բնականաբար, ազդում է հուզական աշխարհի վրա, անհանգստացնող երազներ են ունենում: Հիմնական ախտանիշներն են քնի խանգարումը, մղձավանջները։ Վիրավոր զինծառայողի հիշողության մեջ առաջանում է տեղի ունեցածի պատկերը։

Ո՞ր գործոններն են կարևոր սթրեսի հաղթահարման համար։

Սթրեսային խանգարումները կախված են ոչ միայն իրավիճակից, այլ և թե ինչպես է ընկալվում։ Այդ դեպքում շատ կարևոր գործոններն են տարիքը, սեռը, սթրեսակայունությունը, զգացմունքային ու հոգեբանական ընկալումը, ֆիզիկական վիճակը, ինտելեկտի զարգացածությունը…

Չարտահայտվելը կարո՞ղ է ավելի խորացնել խնդիրը։

Իհարկե, այդ դեպքում մեծանում է գրգռվածությունը, անհանգստություն է առաջանում։ Հատկապես երիտասարդ զինվորների մոտ ակտիվ է հուզական դաշտը։ Նրանք վրեժխնդրությամբ են լցվում։

Կարելի՞ է կոնկրետ ժամանակ նշել սթրեսի հաղթահարման համար:

Գիտեք, շատ դժվար է ժամանակ նշելը։ Հաճախ զինծառայողներն, ովքեր ստացել են լուրջ վնասվածքներ, կորցնում են հետաքրքրրությունը կյանքի նկատմամբ, ինքնամփոփ են դառնում: Զգացմունքային դաշտը բթանում է։

Իսկ շրջապատն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել նրանց հոգեկան աշխարհի վրա։

Շատ կարևոր է շրջապատի գործոնը։ Եթե ընկերները տեսած կամ լսած տեղեկատվությունը սխալ են ներկայացում, այն ավելի լուրջ հետևանքների կարող է հանգեցնել։ Պետք է խուճապ չառաջացնել, խոսել միայն դրականի ու մոտալուտ հաղթանակի մասին։

Որո՞նք են ամենակարևոր խորհուրդները, որոնք կօգնեն մեր վիրավոր զինծառայողներին։

Հոգեբանական առաջին օգնության հիմնական կանոնը լսելն է: Եթե ցանկանում եք օգնել Ձեր մտերիմներին, ապա լսեք նրանց՝ առանց ընդհատելու, խորհուրդներից զերծ մնացեք: Դա թույլ կտա նրանց լիցքաթափվել, գիտակցել ու տիրապետել իրենց հույզերին: Ամենակարևորը նրանց միշտ ուշադրության կենտրոնում պահելն է։ Շնորհակալ լինելը նրանց կատարածի համար։ Պետք է միշտ մտածել դրականի ու մեր հաղթանակի մասին։

Հեղինակ՝ Շողակաթ Կակոյան

3-րդ կուրս

Կիսվել