«Իրավունք չունենք թևաթափ լինելու»

«Իրավունք չունենք թևաթափ լինելու»

756

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ հայտարարեց՝ լայնածավալ գործողություններ ծավալելով ոչ միայն բանակի, այլև խաղաղ բնակչության ուղղությամբ։ Ավելի քան 25 օր տևած պատերազմական գործողությունների պատճառով ավերվել են մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ, հայկական կողմն ունեցել է քաղաքացիական զոհեր և վիրավորներ։

Արցախում բնակվող կանայք, ծերերը և երեխաները ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանում, որոշները մնացել են ապաստարանում, իսկ տղամարդիկ մեկնել են առաջնագիծ՝ զինծառայողների հետ պաշտպանելու հայրենի հողը։

Հայաստան տեղափոխված ընտանիքներից մեկն էլ Սոնայի ընտանիքն է, ով մոր, երկու քույրերի և մորաքրոջ ընտանիքի հետ ժամանակավոր բնակություն են հաստատել Սյունիքի մարզի Հարժիս գյուղում։ Ստեփանակերտից եկած տասնհինգամյա Սոնան ապագա թարգմանչուհի է, ով հետաքրքրված է իսպաներենով և անգլերենով։

Սեպտեմբերի 27-ի երեկոյան են Ստեփանակերտից գյուղ եկել՝ առաջնագծում թողնելով հայրիկին, հորեղբորը, մորաքրոջ ամուսնուն, իսկ տատիկն ու պապիկը մնացել են ապաստարանում՝ պատճառաբանելով, որ չեն կարող գնալ Արցախից այն դեպքում, երբ որդիները սահմանին են։

Գյուղում լավ է, մինչև աշնանային արձակուրդները դպրոց է գնացել, արդեն ընկերներ ունի, բարեկամուհու տանն էլ մթնոլորտը ջերմ է, բայց Սոնան ընտանիքի մյուս անդամների հետ րոպե առաջ պատերազմի ավարտին են սպասում, որ վերադառնան տուն հայրիկի հետ միասին, գնա դպրոց, հանդիպի ընկերներին, որոնք հիմա ևս ապահով վայրում են։

Պատերազմի մասին խոսելիս հիշում է վերևի թաղամասի գնդակոծումը, աչքի առաջ տան փլուզումը, բարձր կրակոցները, որոնք, միայն ֆիլմերում տեսնելով, չէր էլ պատկերացնի, որ մի օր ականատեսը կլինի։

Հիմա միայն խաղաղություն է ուզում, որ միջազգային հանրությունը արձագանքի և նրանց շնորհիվ, կամ առանց նրանց, ավարտվի պատերազմը մեր հաղթանակով։

-Իրավունք չունենք թևաթափ լինելու,-հուզված ավելացրեց Սոնան,- պետք է կանգնենք զինվորի թիկունքին. վստահ եմ՝ կհաղթենք։ Հպարտ եմ, որ հայ եմ, իրենց մասնիկն եմ։ Մենք շատ միասնական ենք, համախմբված, և դա է մեր հաղթանակի հիմքը։

Լուսինե Գրիգորյան

2-րդ կուրս

Կիսվել