Թիկունքից՝ առաջնագիծ. շուղագործ և հելունագործ գլխարկներ, գուլպաներ ու բաճկոններ՝ զինվորին

Թիկունքից՝ առաջնագիծ. շուղագործ և հելունագործ գլխարկներ, գուլպաներ ու բաճկոններ՝ զինվորին

1384

Դիլիջանի համայնքային կենտրոնում գլխարկներ, գուլպաներ և կիսաթև բաճկոններ են գործում Արցախի առաջնագծում ադրբեջանական բանակի եւ սիրիացի վարձկանների դեմ սեպտեմբերի 27-ից կռվող զինվորների համար։ Ըստ կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի՝ համայնքում արհեստագործական շատ դասընթացներ են արվել, այդ թվում` շուղագործության և հելունագործության, հետևաբար հիմա ժամանակն է հմտությունները կիրառել ի սպաս բանակի։

«Երբ պատերազմը սկսվեց, մենք փորձեցինք ինչ-որ ձևով մեր ներդրումը ունենալ։ Քանի որ ունեինք հելունագործության ու շուղագործության վարպետաց դասընթացների բազա, որոշեցինք օգտագործել այդ ռեսուրսը, որպեսզի մեր զինվորներին ուղարկենք տաք գուլպաներ, գլխարկներ և կիսաթև բաճկոններ»,-նշեց Արմինե Հովհաննիսյանը։

Համայնքային կենտրոնի կոչով նախաձեռնությանը միացել են դիլիջանցիները։ Այսօր կամավորական աշխատանքներում ներգրավվել է 35-ից 40 կին։
«Մեր մայրերը և քույրերը գործում են մեծ հաճույքով, անսահման ջերմությամբ և սրտացավությամբ, և ամեն գուլպայի հետ իրենց օրհնանքն են դնում, նոր ուղարկում մեր զինվորներին։ Առաջին խմբաքանակը՝ 50 գլխարկ և 30 զույգ գուլպա, արդեն ուղարկել ենք սահման։ Երկրորդ խմբաքանակը նախատեսում ենք, որ կկազմի 100-ական գլխարկ և գուլպա, իսկ մոտ օրերս կուղարկենք նաև կիսաթև բաճկոնները։ Մենք ամեն ինչ ապահովում ենք, բայց հավատացեք՝ մարդիկ կան, որ իրենց թելն էլ են բերում։ Մեր ժողովուրդը շատ պատրաստակամ է»,-ասում է կենտրոնի տնօրենը։

Մարետան ազատամարտիկի կին է, միացել է նախաձեռնությանը առաջին իսկ օրերին։ «Զինվորներ մեր տուն շատ են եկել, միշտ գուլպաներ եմ գործել և տվել։ Այսօր նաև բաճկոններ եմ գործում։ Բոլոր կամավորներն էլ սրտացավ են։ Եթե մեր զինվորները սահման են պահում, մենք էլ պարտավոր ենք թիկունքը պահել։ Հիմա ես աշխատանքի եմ, բայց իմ հետ բերել եմ թելերը, որպեսզի ընդմիջման ժամին էլ գործեմ, որ արագ լինի։ Ճիշտ է՝ տղա չունեմ, բայց հայոց բանակի բոլոր տղաներն էլ մերն են»,-ասաց տիկին Մարետան։

Գործելու մեջ վարպետացած կանանց կողքին են նաև դպրոցականները, ովքեր որոշակի հմտություններ ունեն։ 14-ամյա Մարթան ոգևորված է կամավորական աշխատանքներին մասնակցելու հնարավորությամբ. «Սովորել եմ, վաղուց կարողանում էի գործել։ Ուրախ եմ, որ հնարավորություն ստացա ընդգրկվել կամավորական աշխատանքներին, քանի որ փորձառու վարպետներ են աշխատում ներկա պահին։ Ես գլխարկ եմ գործում, մայրս՝ գուլպա։ Արդեն երեք գլխարկ եմ գործել, չորրորդն էլ շուտով կավարտեմ»։

Ուրախ է, որ կարող է թիկունքից զինվորներին օգնել։ «Կարծում եմ՝ իմ աշխատանքն այդքան էլ մեծ օգնություն չէ սահմանները պահող մեր զինվորների կատարած անձնանվեր գործի դիմաց, բայց գոնե գիտեմ, որ ձմեռը չեն մրսի, տաք կլինեն»,-հավելեց Մարթան։

Լուսանկարները՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի ֆեյսբուքյան էջից

Հեղինակ՝ Անի Թամրազյան

3-րդ կուրս

Կիսվել