Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ողջ ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
Բացի դրանից, ինչպես նախորդիվ նշել էինք, Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերի հարակից տարածքներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ ընթացող մարտական գործողությունները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և դեպի Սղնախ գյուղի տարածքում և հարակից բլուրներում ու անտառային զանգվածներում»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը։
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:
«Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։