Սա պարզապես աշխատանք չէ, այլ պարտք, որ պիտի կատարվի երկրի թիկունքում

Սա պարզապես աշխատանք չէ, այլ պարտք, որ պիտի կատարվի երկրի թիկունքում

1026

Սեպտեմբերի 27-ից ՀԲԸՄ սկաուտական խումբը ղեկավար Սարօ Թաթիոսի նախաձեռնությամբ սկսել է իր կամավորական անընդմիջում աշխատանքները` իրենց մարդասիրական օգնությունը ցուցաբերելով Արցախին: Սկաուտական խումբը առաջին օրերից մինչ այսօր հավաքագրում է սնունդ, տաք հագուստ, քնապարկեր, վրաններ և ծածկոցներ` ողջ օգնությունը հասցնելով Արցախի բնակիչերին և սահմանին կռվող զինվորներին:

Կամավորների հետ զրույցում երիտասարդները հատկապես նշում են, որ սա պարզապես աշխատանք չէ, այլ իրենց պարտքն է, որ պիտի կատարեն երկրի թիկունքից` այս կերպ ծառայելով իրենց հայրենիքին և բանակին:

‹‹Աշխատելով՝ դու արդեն գիտես՝ երբ քո երկիրը կռվի մեջ է, դու էլ քո ներդրումը ունես, տանը անօգուտ նստած չես: Դա անում ես քո խղճի համար, հանգիստ ես՝ իմանալով, որ գուցե հենց քո շնորհիվ մի զինվոր այդ գիշեր տաք քնեց, ապաստարանում մի երեխա սոված չանցկացրեց››,- զրույցում նշեց 18-ամյա Ադրիանը, ապա հավելեց, որ բանակին աջակցող աշխատանքները պետք է շարունակական բնույթ կրեն, այլ ոչ թե իրականացվեն միայն պատերազմական ժամանակներում:  

Այսօր Հայորդաց տան ղեկավարության և սկաուտական խմբի մասնակցությամբ կամավորական աշխատանքները ավելի են ընդլայնվել: Հոկտեմբերի 8-ից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Հայորդաց տանը ստեղծեց ժամանակավոր կայանման կետ` Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար: Այս աշխատանքներին կամավորները  ևս մասնակցում են` 24-ժամյա հերթապահության՝ օգնելով նախարարության թիմին: Հումանիտար օգնությունը, որը մինչ այդ դեպի Արցախ էր գնում, այժմ հավաքագրվում է նաև Երևան տեղափոխված ընտանիքների համար:

Նաիրա Խոջոյանը, ով առաջին իսկ օրերից մասնակցում է աշխատանքներին, առանձնացրեց հատկապես արցախցի փոքրիկների հետ անցկացրած օրերը: Նշեց, որ երեխաների ժամանցը կայանման կետում հետաքրքրիր դարձնելու համար հաճախ նկարչությամբ են զբաղվում:

‹‹Նայում եմ նկարներին ու միայն մի բան ցանկանում. թող էլ երբեք ոչ մի երեխա իր մանկական նկարներում խաղերի բակը հռթիռակոծված չտեսնի, իր տունը չկարոտի, ու էլ երբեք Աստծուն ‹‹թող վիրավոր լինեն, բայց չզոհվեն մեր զինվորները›› խոսքերով  աղոթք չուղարկի››. պատմում և երեխաներից նվեր ստացած մի քանի նկար է ցույց տալիս Նաիրան:

Լուսանկարները Սկաուտկան խմբի ֆեյսբուքյան էջից

Խմբի ավագ անդամներից Սյուզաննա Պետրոսյանն էլ զրույցում նշեց . «Աշխատանքների ընթացքում ամեն վայրկյան կարող է փոխվել հավաքագրվող իրերի ցուցակը: Հնարավոր է այս պահին չլինի ոչ մի բանի կարիք, իսկ վաղը դրանց անհրաժեշտությունը նորից զգացվի: Բոլոր դեպքերում մեծ թվով մարդիկ շարունակում են աջակցել: Մենք էլ կշարունակենք մեր ծառայությունը մատուցել բոլոր նրանց, ովքեր կունենան դրա կարիքը պատերազմի օրերին»:

Լիանա Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել