Հեռավար դաս ապաստարանից

Հեռավար դաս ապաստարանից

632

Սեպտեմբերի 27-ին, երբ թշնամին լայնածավալ հարձակում գործեց Արցախի հանրապետության ողջ երկայնքով, մի խումբ լրագրողներ մեկնեցին Արցախ՝  պատերազմը մոտիկից լուսաբանելու։ Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Արման Ղարիբյանը նրանցից մեկն է։ Առավոտից մինչև կեսօր լուսաբանում է եղածը, իսկ երեկոյան  մտնում է ապաստարան, վերցնում հեռախոսը, մուտք գործում Zoom հարթակ և հենց ապաստարանից ուսանողների համար դասախոսություն է կարդում։ Ասում է՝ ինչ էլ լինի, ուսանողներս չպետք է դասապրոցեսից հետ մնան։

-Ուսանողները ունեն կրթության իրավունք, և այդ իրավունքը չպետք է տուժի որևէ կերպ՝ անգամ եթե պատերազմական իրավիճակ է։ Եվ որոշեցի այնպիսի պայմաններ ստեղծել, որ ինտերնետ կապ լինի, և կարողանամ դաս անցկացնել. բարեբախտաբար ստացվեց։ Միակ խնդրանքս ուսանողներին այն է եղել, որ դասերն անենք երեկոյան ժամերին, որովհետև այդպես ավելի անվտանգ է։

Արման Ղարիբյանը գտնում է, որ հաճելի է ապաստարանը դարձնել ակադեմիական միջավայր, այդպիսով գոնե մի փոքր կտրվում ես պատերազմական իրավիճակից։

Պարոն Ղարիբյանի համար ռումբերի հետ լեզու գտնելը դժվար չէր, ավելին՝ արդեն հարմարվել է։

-Սովորել ենք, ռումբերի ձայներին այլևս կտրուկ չենք արձագանքում։ Հիմա, երբ պայթյուն է լինում, ոչ թե թաքնվում ենք, այլ փորձում ենք հասկանալ, թե որ կողմից է պայթյունը։

Համալսարանի լսարանից ապաստարան անցումը անսովոր էր պարոն Ղարիբյանի համար, բայց գոհ է իր ուսանողներից, հատկապես նրանցից, ովքեր մշտապես դասի ընթացքում ակտիվ են։

-Այնուամենայնիվ, փորձում ենք այնպես անել, որ դասին տրամադրած այդ մեկուկես ժամը անցնի արդյունավետ։

Ուսանողները նույնպես անհանգիստ են իրենց սիրելի դասախոսի համար, բայց պարոն Ղարիբյանը աշխատում է իր որպիսությանը վերաբերող հարցերի վրա ժամանակ չծախսել։

Հաղթանակ կերտողներից մեկն էլ նա է՝ իր մասնագիտությանը մշտապես հավատարիմ դասախոսը։

Մարիամ Հարությունյան

2-րդ կուրս

Կիսվել