Եկեղեցու մասնակցությունը մերօրյա պատերազմին

Եկեղեցու մասնակցությունը մերօրյա պատերազմին

1255

Հայ ժողովրդի նկատմամբ ավելի քան մեկ ամիս տևած ադրբեջանաթուրքական ուժերի սանձազերծած պատերազմական գործողությունների ընթացքում ավերվեցին նաև Արցախ աշխարհի եկեղեցիներն ու վանքերը` մասնավորապես Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Այս իրավիճակում մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ինչ գործունեություն է ծավալում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին` հանձինս Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Միասնաէջ Սուրբ Էջմիածնի։ Այս հարցերի առնչությամբ զրուցել ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հովհաննես սրկ. Ավետիսյանի հետ։

-Այս օրերին տեսնում ենք, որ եկեղեցու շատ սպասավորներ զենքը ձեռքին մարտնչում են զինվորների հետ միասին։ Ինչպե՞ս է վերաբերվում եկեղեցին պատերազմին։

-Հայ Եկեղեցու ողջ պատմությունը պայքարի պատմություն է: Եկեղեցին բոլոր ժամանակներում իր զավակների կողքին կռվել է վասն հավատոյ եւ վասն հայրենեաց: Այսօր էլ նոր Ավարայր է, նոր Սարդարապատ, այսօր էլ մենք հավատի համար հալածվող ժողովուրդ ենք և կարիքն ունենք խաչով ու զենքով վերականգնելու արդարությունը և պաշտպանելու մեր գոյության աստվածատուր իրավունքը: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, մեր ուզածը պատերազմը չէ, այլ խաղաղությունն է, բայց իրավիճակը պարտադրում է հանուն խաղաղության պատերազմել:

Փաստորեն Դուք նշում եք, որ այս պատերազմը ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դրդապատճառներ ունի։

 -Բնականաբար ունի, սա պատերազմ է ոչ միայն հանուն հայրենիքի, այլև հանուն հավատի, ինչպես եղել է օրինակ Վարդանանց պատերազմին: Այսօր էլ մահմեդական ժողովուրդը դուրս է եկել քրիստոնյաներիս դեմ և ցանկանում է ոչնչացնել: Եթե այս պատերազմը չունենար հոգևոր դրդապատճառներ, չեմ կարծում, թե Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին ռմբակոծվեր: Հայոց բանակը միշտ պատերազմի է դուրս եկել՝ սրտում հավատքը, ձեռքին զենքը պահած, և մի անգամ չէ, որ դուրս է եկել անասելի բարդ իրավիճակներից, դուրս է եկել իր հավատի և զենքի ուժի շնորհիվ: Այսպես է եղել Ավարայրում, այսպես է եղել Սարդարապատում, այսպես է եղել Արցախյան պատերազմի տարիներին, այսպես է եղել Ապրիլյան քառօրյային և այսպես է լինելու նաև այսօր:

 –Իսկ եկեղեցին անմիջական մասնակցություն ունի՞ պատերազմին, թե՞ այն միայն աղոթքի տեսքով է:

-Եկեղեցին այսօր ևս պատերազմում է և մի քանի ճակատներով: Առաջնագծում են գնդերեցները, որոնք մի ձեռքում խաչ, իսկ մյուսում՝ զենք, շուրթերին աղոթք, սահմանին կանգնած մեր քաջ զինվորների կողքին պաշտպանում են հայրենիքը՝ վստահ, որ Աստծով հաղթելու ենք: Եկեղեցին թիկունքում զբաղված է սոցիալական ծառայությամբ, որի հիմքերը դրվել են դեռ 4-րդ դարում Ներսես Մեծ կաթողիկոսի կողմից: Այսօր էլ եկեղեցին իր հոգածության տակ է առնում Արցախից ժամանած մեր հայրենակիցներին, տալիս ապաստան և սնունդ, զբաղվում հովվական խնամքով: Եկեղեցու սոցիալական ծառայությունը արտահայտվում է նաև սահման ուղարկվող նյութական աջակցությամբ: Եվ վերջապես, մեր օրերում հոգևոր իմաստով Եկեղեցու ներկայությունը այն մշտահունչ աղոթքն է, որ կատարվում է ամեն օր և ամեն ժամ:

-Դուք անձնապես՝ որպես եկեղեցական, ի՞նչ գործունեություն եք ծավալում այս օրերին:

-Ես, լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, այս օրերին ներգրավված եմ ոչ միայն եկեղեցու ծիսական, աղոթական կյանքում, այլև սոցիալական ծառայության մեջ: Օրեր առաջ եմ վերադարձել Ծաղկաձորից, որտեղ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Կոտայքի թեմում ապաստան են գտել Արցախից ժամանած մեր հայրենակիցները: Մարդիկ, որ պարտադրված լքել են իրենց տները, ունեն ոչ միայն սննդի կամ հագուստի կարիք, այլև հոգևոր հանգստության և հոգեկան խաղաղության: Մանուկների անհոգ աչքերում չպիտի երկինքը մռայլվի, և մեր ողջ ծառայությունը եղել է հանուն դրա, որ մանուկները ժպտան, ծնողներն էլ միաբերան աղոթեն իրենց ամուսինների, եղբայրենրի ու հայրերի ապահով վերադարձի համար:

-Իսկ ի՞նչ խոսք ունի ասելու այսօր Եկեղեցին իր հավատացյալներին:

 -Եկեղեցին այսօր սիրո քարոզ է անում, այն սիրո, որի մասին Քրիստոս ասում է, թե չկա ավելի մեծ սեր, քան այն, երբ մեկը իր կյանքը տալիս է սիրելիների համար /Հովհ. 15:13/: Շատ հերոսներ այսօր այս ամենամեծ սիրով քրիստոսակերպ իրենց կյանքն են տալիս մեզ համար, ուրիշներն էլ հանուն այս սիրո է, որ պիտի վերադառնան: Մեր աղոթքն է, որ այս ամենը հնարավորինս և կամ թեկուզ անհնար, բայց շուտ ավարտվի, և խաղաղության մեջ նոր կյանքի մղող ուժը լինի նույն սերը, հանուն որի շատերը ընկան, և հանուն որի շատերս պիտի ապրենք:

Լենա Կարապետյան

2-րդ կուրս

 

Կիսվել