«Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մարդկանց համար սնունդ և հագուստ հավաքագրողները ախտահանվում են և խստորեն պահպանում հակահամաճարակային կանոնները»,- հայտնում է «Ընտանիք և համայմք» ԲՀԿ-ի ավագ սոցաշխատող Սվետա Ավետիսյանը։
Վերջինիս հետ զրույցում տեղեկացանք, որ բերված մթերքները, հագուստը և տնտեսական իրերը ախտահանվում են, որից հետո փոխանցվում համապատասխան մարդկանց։
Աշխատավայրում կան հատուկ մատյաններ, որտեղ գրվում են աշխատողների և օգնություն բերողների ջերմաստիճանները։ Մինչ աշխատասենյակ մտնելը, բոլորը ախտահանվում են, իսկ աշխատասենյակներում կահույքը տեղափոխել են սոցիալական հեռավորությունը պահելու համար։
ՀԲԸՄ սկաուտական խումբը սեպտեմբերի 27-ից սկսած նույնպես զբաղվում է կամավորական աշխատանքներով։ Մինչ աշխատնքներին անցնելը, բոլոր կամավորները ջերմաչափվում են, ախտահանվում և կրում են ձեռնոցներ։
-Հավաքում ու տեսակավորում ենք սնունդ, հագուստ, վրաններ, քնապարկեր, ծածկոցներ։ Աշխատում ենք փոքր խմբերով՝ խուսափելու համար մարդկային կուտակումներից,- զրույցի ժամանակ ասեց կամավոր Լիանա Հովհաննիսյանը։
Աշխատանքները իրականացվում են Արաբկիր Հայորդաց տանը, որտեղ գործում է 24 ժամյա հերթապահություն։ Բոլոր մարդիկ մուտքի մոտ ջերմաչափվում և ախտահանվում են, եթե չունեն դիմակ, նաև դա է տրամադրում։ Իսկ օգնությունը, որը հասցվում է, մուտքից արդեն ներս են տանում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Արցախում և Հայաստանում ռազմական դրություն է հայտարարված։ Այս օրերին Հայաստանում մի շարք կազմակերպություններ ու խմբեր զբաղվում են հումանիտար օգնությամբ։ Օգնություն տրամադրվում է ոչ միայն բանակին, այլ նաև Արցախից եկած ընտանիքներին։
Մարիամ Թեյմուրազյան
2-րդ կուրս