Թաթուլ Տիգրանի Հակոբյանը ծնվել է 1994 թ.-ի հուլիսի 9-ին քաղաք Հրազդանում։ Թաթուլը մանկուց սիրել է ռազմական գործը, մասնակցել է ապրիլյան պատերազմին։ 2019 թ.-ին մեկնել է Սիրիա՝ որպես խաղաղապահ։
Թաթուլի հերոսական քայլերի և մարդ տեսակի մասին մեզ պատմել է քույրը (անունը նշել չցանկացավ):
Ասում է՝ հերոսը լավ որդի էր, շատ լավ եղբայր, աննկարագրելի սիրող ամուսին ու հայր, չափից դուրս հավատարիմ ընկեր։ Ընկերական շրջապատում շատ սիրված է եղել, երբեք ընկերներին մենակ չի թողել. «Բոլորի հետ միասին ուրախանում էր, միասին էլ տխրում։ Սիրում էր կյանքը, բայց կյանքից առավել սիրում էր հայրենիքը, իր համար վառ օրինակ էր Մոնթե Մելքոնյանը, անգամ որդուն էր կոչել հերոսի անվամբ։ Իր մահն էլ եղավ Մոնթեի պես»…
Քույրիկի հիշողության մեջ տպավորվել է, որ Թաթուլը միշտ ասել է՝ չի գնա Հայաստանից, անգամ շատ լավ առաջարկ է ստացել, բայց
որոշման մեջ անսասան է մնացել։
«Իր տրամադրությունը միշտ մարտական ու ուրախ է եղել, այս անգամ ասել էր, որ մարտը սովորական չէ, բայց հաղթանակի վրա չէր կասկածում»։
«Դեպքի օրը խոսել էր մոր հետ ու ասել՝ մի քիչ քնեմ, հետո կզանգեմ, բայց այդպես էլ չզանգեց»…
Հերոսի վերջին խոսքերը հարազատները դեռ շատ կհիշեն։ Ասել է. «Մոնթեին լավ կնայեք, ու, եթե զոհվեմ, իմ արարողության ժամանակ անպայման թող հնչի կամավորի երգը»։
Քույրը նշում է, որ եթե Թաթուլը կողքին լիներ, կասեր՝ հպարտ է, որ ունի նրա նման եղբայր։
«Վստահ եմ՝ եղբայրս հիմա կռվող զինվորներին կոչ կաներ չնահանջել և կհիշեցներ Մոնթեի վերջին խոսքերը՝ եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը»…
Նելլի Իգիթյան
2-րդ կուրս