Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա,...

Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են. Արծրուն Հովհաննիսյան

431

Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ վաղ առավոտյան, ավելի վաղ, քան սովորաբար լինում է, Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով։

«Նախ հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ։ Անմիջապես կոտորվել են, կրել են լուրջ կորուստներ, հետ են շպրտվել՝ դաշտում թողնելով զգալի թվով դիակներ։
Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ։ Արաքս գետից հյուսիս՝ մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր ԶՈՒ-երը ունեն որոշակի դիրքային առավելություններ»
,-ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց նաև, որ մարտերը շարունակվել են և հստակ որևէ բան այս ուղղության մասին նշել այս պահին չի կարող։

«Կենտրոնական ուղղությամբ ընթացել են երկու առանձին պրոցեսներ․ առաջինը Մարտունի-Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտ գործողություններով։ Հիմնականում ոչ զրահատեխնիկայի կիրառությամբ, այլ գրոհիչ խմբերի՝ հրետանու բավական խիտ կրակի ներքո։ Մեր ԶՈՒ-երը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն այս պահին այս ուղղությամբ չկա, բայց մարտերը համառ են»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նախկինում բազմիցս նշված գյուղերի ուղղությամբ (խոսքը Շուշիի մերձակա անտառապատ գյուղերի մասին է), չնայած լավ ցուցանիշներ ենք արձանագրել, մարտերը շարունակվում են, որովհետև փոքր խմբավորումները մեկ այս անտառում, մեկ մյուսում, մեկ այս բնակավայրում, մեկ մյուսում հայտնվում են, կորչում են, նահանջում են, նորից են փորձում, նորից են գալիս:

«Պատերազմը, իհարկե, իր սաստությունը կորցրել է, բայց եթե առանձին տեղերում բախումները լինում են, լինում են նույն հրետանու, նույն օդուժի և այլ միջոցների կիրառությամբ։ Հիմնականում քիչ է կիրառվում զրահատեխնիկա, որովհետև մեր հրետանային և հակատանկային միջոցները գրեթե ամեն մի խոշոր թիրախ անմիջապես ոչնչացնում են»,-ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը։

Կիսվել