Բարեգործական համերգ-դրամահավաք Երևանում՝ ի աջակցություն զինծառայողների

Բարեգործական համերգ-դրամահավաք Երևանում՝ ի աջակցություն զինծառայողների

935

Վազգեն Սարգսյան 10 հասցեի հարակից տարածքում հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի ընթացքում հանգանակված դրամական միջոցները կփոխանցվեն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դիրիժոր Նիկոլայ Պողոսյանի ղեկավարությամբ հնչեցին սիրված հեղինակային և ժողովրդական երգերի մեղեդիներ, ինչպիսիք են՝ «Երազ իմ երկիր»-ը, «Սարդարապատի քաջեր»-ը, «Վասն հայրենյաց»-ը։ Ժողովրդական երգերից սիմֆոնիկ նվագախումբը կատարեց «Արի իմ սոխակ»-ը, «Գինի լից»-ը։ Համերգը ավարտվեց Արցախին նվիրված երգի պրեմիերայով, որը կատարեց Շուշան Պետրոսյանը։

«Որևէ հիմնադրամ, որ աշխատում է ազնիվ, հօգուտ մեր բանակի և զինվորի արժանի է մեծ գնահատանքի։ Մենք դատապարտված ենք հաղթելու, և ես այս մտքով եմ սկսում իմ օրը»,- նշեց Շուշան Պետրոսյանը։

«Մեր գործընկերները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից առաջարկեցին, որպեսզի համերգ լինի, և առաջին հերթին ոգևորությունը, դրական էներգիան, որ այսօր կա մայրաքաղաքում և Հայաստանի տարբեր մարզերում՝ արտահայտվի երաժշտությամբ և դրան զուգահեռ մեր շնորհակալությունը հայտնենք առաջնագծում ծառայող մեր բոլոր զինվորներին»,- մեզ հետ զրույցում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Ապա հավելեց, որ սա առիթ էր, որպեսզի մարդկանց ևս հնարավորություն տրվի իրենց շնորհակալությունը հայտնելու՝ նվիրաբերություն կատարելով։

Տնօրենը նշեց, իրենք անընդհատ նվիրաբերություններ են ստանում ինչպես Հայաստանից, այնպես էլ սփյուռքից։ Համերգի ընթացքում արված հանգանակության վերաբերյալ տեղեկությունը հրապարակվելու է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում և կայքում։
«Ինչպես մեր հիմնադրամի, այնպես էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը կուզեմ վարակիչ դառնա, որպեսզի մշակույթի տարբեր ոլորտների գործիչներ՝ նվագախմբեր, երգչախմբեր, պարախմբեր համերգներ անեն, և այդ համերգների միջոցով մարդկանց ոգևորությունը միշտ բարձր պահեն»,- մեզ հետ զրույցում նշեց Վարուժան Ավետիքյանը և հավելեց, որ դա դրական ազդեցություն կունենա առաջնագծում կենաց-մահու կռիվ տվող մեր զինծառայողների վրա։
Համերգի ունկնդիրներից Լուսինե Եղիազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ հուզված է, առանց հուզմունքի անհնար է այս օրերին։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն, և բոլորս պետք է այս հարցին պատասխանատվության մեծ զգացումով մոտենանք։

Նշենք, որ բարեգործական համերգներ կկայանան նաև հոկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00, Կասկադում, նոյեմբերի 1-ին՝ ժամը 17:00, Շառլ Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածք) և նոյեմբերի 2-ին՝ ժամը 13:00, Գարեգին Նժդեհի հուշարձանի մոտ (Նալբանդյան-Արամի-Բուզանդի-Հանրապետության փողոցներին հարակից զբոսայգի):
Համերգները հեռարձակվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆեյսբուքյան էջերով։

Մերի Մաթևոսյան

3-րդ կուրս

Կիսվել