Շատ ուրախ, բայց տխուր աչքերով Սարգիսը․․․

Շատ ուրախ, բայց տխուր աչքերով Սարգիսը․․․

2006

«Սարգիսն ամեն հարցին, անկախ տարիքից, մոտենում էր հասկանալով, որովհետև անգամ երբ կորցրեց իր մամային, իհարկե շատ մեծ ցավ էր ապրում, բայց գիտակցաբար մոտեցավ։ Երբ մաման հիվանդ էր, տեսնում էր՝ ոնցա տանջվում, ասում էր՝ Աստված մամայիս փրկեց, չթողեց, որ տանջվի, միշտ ասում էր՝ Աստծո գործերն անքննելի են, ուրեմն տենց պիտի լիներ․․․»,- պատմում է Սարգսի քույրը՝ Հեղինե Աբրահամյանը, ում Սարգիսը Նան կամ Նանիկ էր ասում։

Սարգիս Հակոբյանը ժամկետային զինծառայող էր։ Արդեն լրացել էր ծառայության մեկ տարին, որ սկսվեց պատերազմը։ Հերթական անգամ դիրքեր բարձրանալիս, երբ մարտերը շարունակվում էին, իրենց ավտոբուսի վրա արկ է ընկել, և որևէ մեկը ողջ չի մնացել։

«Շատ աշխտասեր էր, ամեն ինչ հասցնում էր՝ երգում էր, սովորում էր նկարում էր, ընտանեկան բիզնես ունեն, որին ևս օգնում էր։ Ու ամեն բան անում էր շատ լավ, մաքսիմալ լավ։ Ջերմոցներ ունեն, ծաղիկներ են մշակում՝ տատիկի տան նկուղում։ Շատ էինք հավաքվում նկուղում, ու մենք միշտ էդտեղին պադվալ էինք ասում։ Զանգում էր՝ Նա՛ն, արի՛, պադվալ, ժարիտ քցեմ ուտենք իրար հետ։ Բացի նրանից, որ շատ տաղանդավոր էր, շատ համեղ էր պատրաստում։ Շատ ուժեղ ստեղծագործական երևակայություն ուներ ամեն հարցում։ Անգամ, երբ ուտելու բան էր պատրաստում, տարբեր համեմունքներ էր սիրում օգտագործել, ու վերջում միշտ շատ համով էր ստացվում»։

Քույրը պատմում է, որ ծառայության մեկնելիս աչքերը շատ տխուր են եղել․ «Մայրն ու հայրը կողքին չէին, երբ գնաց բանակ։ Շատ հումորով էր։ Զանգում էր ամեն անգամ ու վերջում երգում էր՝ սպասեք ինձ, հետ եմ գալու, սպասեք, կարիք չկա լալու․․․ ու ծիծաղում էր։ Ասում էր՝ պապային նեղություն չեմ տալու․ հենց հետ եկա անվճար ընդունվելու եմ Գեղարվեստի ակադեմիա, մամային խոսք եմ տվել, իմ ու մամայի երազանքն ա։

Երբ իր տատիկին հայտնեցինք լուրը, տատիկն ասաց՝ արցունքս չսրբած, արցունք բերեցիր։ Մինչև հիմա էլ հույս ունենք, որ սխալմունք կլինի, որ կգա»։

Սարգիսն ավարտել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը։ Հենց այստեղ էլ առաջին անագամ ուսուցիչներն են նկատել նրա նկարելու, երգելու տաղանդը։ Կարինե Գևորգյանը հուզմունքով ու ափսոսանքով է հիշում իր աշակերտ Սարգսին․ «Շատ ուրախ տղա էր, բայց աչքերը միշտ տխուր էին։ Հենց առաջին դասարանից միանգամից զգացել եմ, որ նկարել շատ է սիրում։ Ամեն րոպե ասում էի՝ Սարգի՛ս, մատիտը դիր սեղանին, հիմա դաս ենք անում, հետո միասին կնկարենք, մի քանի րոպե հետո նորից նույն իրավիճակն էր։ Միշտ վարդեր էր նկարում ու ջրահարսեր։ Թե՛ հայրիկին, թե՛ մայրիկին ամեն անգամ ասում էի, որ հետևեն, ուղարկեն նկարչության, շատ մեծ տաղանդ ուներ։ Իհարկե հետո իրենք էլ նկատեցին տաղանդը, նկարչական խմբակ էր հաճախում։ Շատ լավ էր երգում։ Ափսոս, պատերազմը շատ երազանքներ կիսատ թողեց»։

Կարինե Գևորգյանը նշեց, որ շատ կազմակերպված էր, միշտ օգնում էր բոլորին։ Մի դեպք կա, որ շատ լավ է հիշում դասղեկը․ «Մի քանի տարի առաջ Սարգիսին խնդրել էի, որ աշնան տեսարաններ նկարի, ինքն ասաց, որ խնդիր չկա, անպայման կնկարի։ Երբ ժամանակը եկավ, որ պիտի բերեր նկարները, Սարգիսը եկավ, ասաց, որ չի հասցրել, ժամանակի մեջ չի տեղավորվել։ Իրեն նեղացրի, բայց մինչև հիմա ինձ մեղավոր եմ զգում։ Երկար չխոսեցի իր հետ, հետո իհարկե խոսեցինք ու ասացի, որ երբեք չեմ մտածել, որ ինքը պատասխանատվություն չունի, ինձ համար ինքը շատ տաղանդավոր ու լավագույն աշակերտներից է միշտ լինելու։ Հենց այդ ժամանակ էլ իմացա, որ մայրը հիվանդ է»։

Դասղեկը պատմում է, որ Սարգիսը միայնակ չէր նկարում։ Երկրորդ դասարանում նոր աշակերտուհի եկավ իրենց դասարան, ու հետագայում միասին էլ ավարտեցին դպրոցը․ «Հայրապետյանն Աննան եկավ ու սկսեցին միասին նկարել։ Իրենք նաև հարևաններ էին։ Երբ մի բան չէին հասցնում դպրոցում նկարել ու ավարտել, գնում էին, տանն էին շարունակում ու էլի միասին։ Բոլոր միջոցառումները միասին էին վարում։ Իրար հետ բեմ բարձրացան, ավարտեցին 3-րդ դասարանը, նույն կերպ նաև միասին բեմ բարձրացան 12-ի վերջին զանգին»։

Աննան ընկերոջ մասին խոսելիս առաջինը տաղանդ բառն է մտաբերում ու հետո միայն շարունակում պատմել․ «Դեռ մանկուց շատ ակտիվ էր։ Բակում թատերական բեմականացումներ էր հորինում, ու իր հրամանով տանից տարբեր հագուստներ էի բերում, որ ընտրեր իրեն հարմարը։ Դպրոցում ուսուցիչները ձեռքից ձեռք էին տանում Սարգիսին, ինքն էլ թաքուն փնթփնթում էր՝ քիչ գործունյա մարդ եմ, որ սա էլ ավելացավ, բայց անում էր, որպեսզի որևէ մեկին չնեղացներ»։

Աննան պատմում է, որ միշտ դասարանի աղջիկները նախանձում էին Սարգիսի երկար թարթիչներին․ «Միշտ նայում էի իր աչքերին ու մտածում էի, որ իր մամայի աչքերն են։ Մամայի հետ շատ կապված էր, միշտ ասում էր, որ մամայի սարքածը առանձնահատուկ համ ու հոտ ունի, պատմում էր, երբ ինչ-որ բան էր պատրաստում, ինքն ու իրա փոքր եղբայրը թաքնվում էին ու սպասում, երբ խոհանոցը կազատվի, որ խմորից պոկեն ու համտեսեն։

Մի դեպք եմ հիշում։ Դասերից հետո տուն էինք պատրաստվում գնալ, անձրև էր գալիս ուժեղ։ Մեզ ասեց, որ անձրևի տակ վազելով տուն գնանք, որ հետո ափսոսելու ենք՝ նման առիթ բաց թողնելու համար, ես ու Սաքոն վազեցինք, մյուսներին համոզել չստացվեց։ Անձրևի տակ գոռգոռալով վազեցինք տուն, բայց լավ սառեցինք։ Հաջորդ օրը հիվանդ ու գոհ տանը պառկած էինք»։

Դպրոցից հետո Սարգիսը ընտրեց նկարչությունը և ընդունվեց Grant-Art Studio: Ուսուցիչը՝ Հրանտ Հարությունյանը, նշեց, որ ստուդիայի լավագույն ուսանողներից էր, պիտի բանակից վերադառնար ու շարունակեր․ «Շատ ուշադիր էր բոլորի հանդեպ։ Մարտի 8-ին բոլոր աղջիկներին վարդեր էր բերել։ Ու բոլորի ծննդյան օրերը գիտեր, նախօրոք բոլորի համար միշտ նվեր էր պատրաստում։ Մի անգամ Չինաստանից երեխաներ էին եկել մեզ մոտ, դե լեզու չգիտեինք, Սարգիսն էլ, իրենք էլ մեզ չէին հասկանում։ Որոշ ժամանակ անց տեսա, որ երեխաների հետ ծիծաղում է, ընդհանուր լեզու են գտել ու հասկանում են իրար շատ լավ։ Նույն կերպ նաև սուդիայում աղջիկ ունեինք, որ գրեթե չէր խոսում ոչինչ, միայն Սարգիսը կարողացավ «բացել» իրեն,  միասին ծիծաղում էին, զրուցում»։

Սարգիսը շատ ընկերներ ուներ նաև գյուղում։ Լամարա Սարգսյանը հիշում է, որ հաճախ էր սիրում գալ իրենց տուն ու նայել՝ ինչպես է թխվածք պատրաստում․ «Գրեթե բոլոր պատվերներս միասին էինք անում, միշտ գալիս, օգնում էր։ Մի տարի ընդհանրապես տրամադրություն չունեի ծնունդ նշելու։ Մայրիկիս հետ գաղտնի պայմանավորվել էր, որ տորթը մայրիկս կթխի, իսկ ինքը տորթի վրա կնկարի։ Կյանքիս ամենալավ նվերն է եղել։ Տորթի վրա դիմանկարս էր ստացել։

Շատ ուշադիր էր ամեն մանրուքի հանդեպ։ Եթե չեմ սխալվում, 2016 թվականի Նոր տարին էր, միասին որոշել էինք՝ մենք պատրաստենք տոնածառի խաղալիքները։ Գնացինք, որ անհրաժեշտ իրերը գնեինք, բալետի պարուհի խաղալիք կար, շատ էի հավանել։ Ասաց՝ Լամ, արի գնանք, արդեն ուշա, վաղը կգանք, կառնենք։ Նոր տարուն տեսա, որ իր ձեռքով ինձ համար հենց նույն խաղալիքն էր պատրաստել ու նվիրեց ինձ։ Խաղալիքը հենց էնպիսին էր, ինչպիսին  խանութում էի տեսել ու հավանել»։

Լամարան նշեց, որ ընկերոջ հետ համատեղ երազանք ունեին․ «Պիտի վերադառնար, ու մեր բիզնեսը ստեղծեինք՝ ես պիտի թխեի տորթերը, իսկ ինքը նկարեր վրան, վստահ եմ՝ գալու է, ու միասին իրականցնելու ենք մեր երազանքը»։

Սարգիսի մյուս ընկերուհին էլ՝ Ագնեսան, նշում է, որ միասին դեռ շատ անելիքներ ունեին․ «Միասին շատ էինք սիրում բլոգներ դիտել, հավես տեսանյութեր ու ծրագրել էինք, որ մենք էլ ենք նման բաներ նկարելու ու շատ հայտնի ենք լինելու։ Ամեն ինչից զրուցում էինք։ Շատ էինք սիրում միասին տապակած պանիր ուտել ու ժամերով զրուցել։ Կյանքիս հետագա ընթացքը առանց Սարգսի չեմ պատկերացնում։ Ինձ միշտ ասում էր՝ կյանքում ժամանակդ անիմաստ չանցկացնես․ էտ ամենակարևորնա ու թանկը․․․ես էդպես էլ ապրում եմ հիմա․․․»։

Սարգսի գործերը․․․

Էլենիտա Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել