Ճանաչենք մեր հերոսներին. Սերյոժա Խաչատրյան

Ճանաչենք մեր հերոսներին. Սերյոժա Խաչատրյան

1569

Հայրենիքի համար մղվող պայքարում վերջին մեկ ամսվա ընթացքում քաջաբար ընկան շատ հերոսներ։ Նրանց թվում էր նաև Սերյոժա Խաչատրյանը։ Սերյոժան մահացել է պատերազմի հենց առաջին օրը։ Նա երեք քույրերի եղբայր էր, երեխաներից` ամենափոքրը։ Հերոսը ծնվել է 2001 թ. Հոկտեմբերի 26-ին Բուժական գյուղում։ Հաճախել է Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցը։

Սերյոժայի մասին այսօր իր հիշողություններով կիսվել է նրա դասընկերուհի Էդիտա Դավթյանը։

«Նա շատ ժպտերես, ուրախ, ընկերասեր, պարզ, բարի, նվիրված ու այդ ամենի հետ մեկտեղ շատ համեստ տղա է, ինչու՞ ներկայով, որովհետև նա միշտ կմնա մեզ հետ, մենք նրան բացակա չենք համարում։ Մեր Սերյոժան շատ հայրենասեր է, դրա համար էլ հավերժացավ մեր հերոսների կողքին` դառնալով հավերժի ճամփորդ»։

Էդիտան հիշում է, թե ինչպես էին միասին գնում դպրոց, խնջույքների. «Շատ ուրախ մարդ էր, սիրում էր պարել, միշտ միասին պարում էինք, կապ չուներ` կլիներ դպրոց, թե մեկ այլ վայրում: Պարապմունքների գնալիս այնպես էր ստացվում, որ Սերյոժային էի պատահական համդիպում, ու ինձ պարտադիր ուղեկցում էր։ Երբ արդեն անցել էր ծառայության, երկար ժամանակ չէինք խոսել: Մի երեկո զանգ եկավ, ու ուրախությանս չափ չկար. Սերյոժան էր, ասացինք-խոսեցինք, շատ հարցեր տվեցի ծառայության հետ կապված: Ամբողջ դասարանից հարցրեց, իմացավ երեխաների որպիսությունը ու բարևներ փոխանցեց։

Չգիտեմ, չեմ հավատում, չեմ ուզում հավատալ, որ այսօր իմ լուսավոր ընկերը չկա»։

Հասմիկ Դավթյան

2-րդ կուրս

Կիսվել