Վանաձորի գործարաններից մեկում աշխատող 60-ամյա Վազգեն Կյուրեղյանը, վիրավոր զինվորների և կորոնավիրուսով հիվանդների կյանքը փրկելու համար, թթվածին է արտադրում: Սակայն նա չի սիրում լինել ուշադրության կենտրոնում, այդ պատճառով խուսափում է հարցազրույցներից, տեսախցիկից և տասնյակ լրագրողների մերժել է, որ իրեն նկարեն: Նրա դուստրը` Անի Կյուրեղյանը, փորձեց պատմել և ներկայացնել հայրիկի աշխատանքը:
Անին պատմեց, որ հայրը թթվածնի ատադրությամբ զբաղվում է արդեն 25 տարի. «Նախկինում, որպես կանոն, ամիսը մի անգամ են միշտ լցրել, բայց ինչ պատերազմը սկսվել է, և կորոնավիրուսով հիվանդների թիվը կտրուկ աճել, անդադար լցնում են, մի ժամ նույնիսկ ազատ չունեն»:
Անին անկեղծացավ, որ հայրը չափազանց համեստ մարդ է, իր գործի գիտակ, սակայն մեկ ամիս չքնելու պատճառով հայրիկի մոտ գերհոգնածություն է նկատվում, և նրան էլ է հանգիստ պետք. «Նա որպես առաջնագծում գտնվող զինվորի հայր, ուղղակի ի վիճակի չէ իրեն տրամադրել հարցազրույցների: Սակայն իր պարտքն է համարում այս դժվար պահին աշխատել, կարևոր գործ անել և օգտակար լինել»:
Հայրիկի աշխատանքի ընթացքը ներկայացրեց Անին, ով մի փոքր դժվարությամբ, բայց մեծ հպարտությամբ կիսվեց իր նոր ստացած գիտելիքներով. «Սկզբում միացնում են կոմպրեսրը, 6 ժամ էդպես մնում է մինչև գա ռեժիմի, հետո դա օդը քաշում է և հատուկ սարքավորումների միջոցով, օդի միջից հանում է խոնավությունը: Օդը չորացնում են, հետո կոմպրեսրը դա փոխանցում է ապարատին, ապարատն էլ իր մեջ առանձնացնում է ազոտը, հեղուկ գազանման թթվածինը, դրանից հետո էլ գազանման թթվածինը լցվում է բալոնների մեջ»:
Անին ընդգծեց նաև այն փաստը, որ սա շատ բարդ ու վտանգավոր աշխատանք է, ամեն վայրկյան պետք է հետևել սարքավորումներին, և եթե մեկ վայրկյան աչքաթող անեն, կարող են անդառնալի հետևանքներ լինել: Ամեն մի բալոնը լցնելուց հետո, դնում են հաջորդը, տեղափոխում հատուկ տարածք, որից հետո էլ արդեն հասցնում հիվանդանոցներին:
Օֆելյա Պողոսյան
4-րդ կուրս