Կամավոր Ալեն Նավասարդյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք հավերժացան` իրենց կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը:
31-ամյա Ալենը Քաջարան քաղաքից էր, սովորում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղում, 4-րդ կուրսի ուսանող էր: Աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում:
Իր տեսակով տարբերվող տղային համակուրսեցիները հիշում են խիստ պարտաճանաչ, ուշադիր ու ակտիվ. «Կուրսի ամենաշփվող մարդն էր, բոլորին հավասար սիրում, ամենքով հետաքրքրվում էր, թե ով ինչ է աշխատում, գործերն ինչպես են: Լինում էին դասեր, որ կապված էին իր մասնագիտության հետ, ինքը շատ ակտիվ մասնակցում էր»,-Անին հիշում է, որ Ալենը սրտաբաց էր, բոլորին լսող, օգնության հասնող. «Կուրսի ուրախությունն էր ինքը, այնքան կատակասեր ու այնքան պարզ, որ նույնիսկ դասախոսները սաստել չէին կարողանում»:
Ալենի մտերիմներից Սիրանուշն ասում է, որ դժվարանում է նրա մասին անցյալով խոսել.«Մի օր համալսարանում վիճեցինք, ասեցի` էլ ինձ չխոսեցնես: Մի քանի ժամ հետո զանգեց, ասեցի` քեզ չասեցի՞` չխոսեցնես, ասեց` մենք համալսարանում ենք վիճել, էնտեղ չենք խոսելու, բայց առօրյայում չի կարա տենց բան լինի»,- պատմում է Սիրանուշն ու անընդհատ ավելացնում, որ Ալենը միշտ ուրախ էր:
Արագության սիրահար էր տղան, մոտոցիկլ ուներ, որը ընդամենը մի քանի ամիս հասցրեց վայելել:
«Ալենս գիժ էր,- ասում է ընկերը՝ Էրիկը ու ժպտում,-չէր վախենում ոչ մի բանից: Ինչ-որ գործ պիտի անեինք, նա առաջինն էր, որևէ սարքավորում էինք ստանում աշխատանքի վայրում, միշտ առաջինն էր շտապում ծանոթանալու սարքին»:
Հառաչ քաշելով պատմում է ընկերը ու պնդում, որ նույնսիկ այնտեղ` այդ 4 տախտակի մեջ էր Ալենը հպարտ պառկած:
Սոնա Սողոմոնյան
4-րդ կուրս