Մշտաժպիտը

Մշտաժպիտը

809

Հայրենիքի համար մղվող մարտերում զոհված զինծառայողներից է Նարեկ Հովհաննիսյանը։ Նրա կյանքն ավարտվեց, երբ ընդամենը երեք ամիս էր մնացել, որ տուն վերադառնար:

Զինվորի կյանքի մի շարք մանրամասներ պատմեցին նրա ընկերները: Դեռ դպրոցական տարիքից իր հասակակիցների մեջ առանձնացող Նարեկը մանկությունից արդեն հաղթելու և հաղթանակած լինելու ձգտում ուներ: Կենսասեր պատանին դպրոցում առանձնանում էր նրանով, որ մշտապես ժպտում էր, որի համար էլ ուսուցչուհու և դասընկերների կողմից ստացել էր «մշտաժպիտ» անունը: Ընկերները պատմում են, որ հայենիքին ծառայելու պատրաստակամությամբ վառվող պատանին ցանկանում էր անգամ ժամանակից շուտ մեկնել ծառայության, քանի որ այդ հարցում չափազանց նախանձախնդիր էր: «Բուհ ընդունվելու նպատակ չուներ․ դպրոցական տարիքից սիրում էր աշխատել: Աշխատում էր սննդի կենտրոնում և հաճախ էր մեզ ասում՝ պատրաստեմ իմ ձեռով, ուտեք: Այնուհանդերձ, Նարեկն ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն»,- պատմում է դասընկերուհին:

Դպրոցում Նարեկն աչքի էր ընկնում հանգիստ և խաղաղ բնավորությամբ, որը շատ ավելի նկատելի էր դառնում հատկապես այն պահերին, երբ ընկերներին խնդրում էր, որ խոսեն կամաց և հերթականությամբ: Չափազանց մեծ հուզմունքով է դասընկերուհին պատմում Նարեկի մասին, հատկապես այն, որ վերջին զանգի օրը Նարեկը մարմնավորել էր հենց զինվորի, որին մայրը ծառայության էր ճանապարհում:

Ընկերների համար չափազանց դժվար էր խոսել սիրելի Նարեկի մասին․ «Որոշել էր՝ հենց տուն վերադառնա, մեծ խնջույք կազմակերպի և բոլորին հրավիրի»․․․ Նարեկի սերն ու ջերմությունը շատ մեծ էր ընտանիքի նկատմամբ․ «Այնքան, որ յուրահատուկ կերպով և քաղցրությամբ էր դիմում քրոջը»: Քույրն էլ ցավով հիշում էր նրա խոսքերը, որ ասել էր իրեն ծառայությունն ավարտելու և տուն վերադառնալու մասին…

Ընկերների հետ խոսելիս ցավի հետ մեկտեղ երևում էր նրանց մեծ հպարտությունը: Հայրենիքի արժանապատիվ զավակին, հանուն հայրենիքի կյանքը զոհած հայորդուն հիշելու են բոլորը: «Միշտ հիշելու ենք Նարեկին, իսկ իրա հիշատակը մշտապես վառ կմնա մեր բոլորի սրտերում»,- այս տողերով էլ եզրափակեցին ընկերները:

Գրետա Այվազյան

2-րդ կուրս

Կիսվել