Հյուսիսիային պողոտան ժինգյալով հացի բույրով է լցվել․ արցախցիները պատրաստում են իրենց ավանդական ժինգյալով հացը և վաճառում՝ հասույթն ուղելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Արդեն մոտ երկու շաբաթ է` քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկում կարելի է հանդիպել երկար հերթի՝ ավանդական ուտեստի համար։ Ավագ սերնդին այս շարքը կհիշեցնի Խորհրդային Հայսատանում ինչ-որ բան գնելու հերթերը, նոր սերնդի համար այսքան սպասելը տարօրինակ ու ձանձրալի կլինի, բայց, ինչպես գնորդերից մեկն է նշում, հավաքվել են նպատակի համար․ «Հաճելին համատեղում ենք օգտակարի հետ, փորձում ենք մենք էլ այս կերպ աջակցել հիմնադրամին»։ Թեեւ Հայաստանում ուտեստի համար պահանջվող կանաչիների տեսակները պակաս են, սակայն հաճախորդները շատ են։ Պահանջարկն այնքան մեծ է, որ աշխատակիցները մինչև 23․00 աշխատում են, բայց չեն դժգոհում․ «Չենք հասցնում անգամ մրսել կամ հոգնել, ուղղակի մի հոգուն 5 հատից ավել, ցավոք, չենք կարողանում վաճառել»։
30 տարի շարունակ Ստեփանակերտի կենտրոնական շուկայում ժինգյալով հաց պատրաստող Լեսմոնյա Օհանջանյանը պատմում է, որ պատերազմի առաջին իսկ օրերից Հայաստան է եկել։ Մի քանի օր անց նախաձեռնության մասին հայտարարությանը հետևելով՝ միացել է խմբին ու հանձն առել գործը։ «Արցախում էլ գնորդների աչքի առջև պատրաստում ու վաճառում էինք, ուղղակի ոչ փողոցում․ մեզ համար նախատեսված վայր կար»։ Ու չնայած այստեղ աշխատանքը դրսում է, սակայն սանիտատարահիգիենիկ բոլոր կանոնները պահպանված են։ Համավարակի մասին ևս աշխատակիցները չեն մոռացել։
Աշխատանքին զուգահեռ էլ բոլորի մտքերն ու զրույցները պատերազմի մասին են։ Թե՛ գործում հմտացած տիկինները, թե՛ իրենց հերթին համբերատար սպասող մարդիկ միակարծիք են՝ հաղթելու ենք։
Սեդա Առաքելյան
2-րդ կուրս