Ամերիկահայ բժիշկները՝ վիրավոր զինվորների կողքին

Ամերիկահայ բժիշկները՝ վիրավոր զինվորների կողքին

742

Պատերազմական այս օրերին հայ ժողովուրդը միասնական է, համախմբված ու մի բռունցք դարձած: Սփյուռքն ամեն կերպ փորձում է սատարել մայր հայրենիքին ու ժողովրդին՝ ցուցաբերելով բարձր ակտիվություն բոլոր ոլորտներում՝ այդ թվում առողջապահական: Այս ընթացքում Հայաստան ժամանած և Երևանի տարբեր հիվանդանոցներում երկշաբաթյա գործունեություն իրականացրած բժիշկների խմբում էր նաև Արման Սահակյանը՝  Գլենդելի Adventist հիվանդանոցից:

Մեզ հետ զրույցում Արմանը նշեց, որ Հայաստան գալու համար իրենք նախօրոք ցուցակագրվել էին դեռևս պատերազմի առաջին օրերին՝ Գլենդելում կայացած ցույցի ընթացքում: Բժիշկները ժամանել էին Հայաստան պաշտպանության նախարարության հետ ակտիվ համագործակցության արդյունքում: Նա նշեց նաև, որ իրենց խումբը միակը չէ. ամեն շաբաթ 5-ից 10-հոգանոց խմբեր են ժամանում Հայաստան:

Բժիշկներն իրենց հետ բերել էին անհրաժեշտ դեղորայք և բժշկական սարքավորումներ: Խումբն աշխատել է Երևանի տարբեր հիվանդանոցներում, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է նորից գալ՝ ծառայելու հայրենիքին:

Զինվորների հետ աշխատելիս բժշկին տպավորել է այն  դրվագը, երբ 19-ամյա զինվորը, որը երկու ռազմական ինքնաթիռ էր խոցել և վիրավորվել, հարցրել է, թե երբ է դուրս գրվելու, որ շարունակի հայրենիքի պաշտպանության իր գործը:

Արմանն առաջին անգամը չէ, որ այցելել էր Հայաստան՝ փորձելով օգտակար լինել իր ժողովրդին, սակայն այս անգամ, ինչպես ինքն է նշում, զգացողությունները բոլորովին  այլ էին. կարծես արյան կանչն էր զգում երակներում:

Ամերիկահայ բժիշկը վստահեցնում է, որ անհրաժեշտության դեպքում, բացի մասնագիտական գործունեություն իրականացնելուց, պատրաստ է նաև զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը:

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել