Թուրք-ադրբեջանական ագրեսյան հետ մղելու այդյունքում քաջաբար զոհվեց Թաթուլ Թովմասյանը: Թաթուլը ծնվել է 2001 թ․-ի նոյեմբերի 19-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում: Հերոսը՝ ընտանիքի փոքր զավակն էր, ամենապայծառն ու լուսավորը:
Թաթուլի ինքնատիպ կերպարի մասին խոսեցինք քույրիկի՝ Լիլիթ Թովմասյանի հետ, ով եղբոր մասին առանց ժպիտի չի կարողանում խոսել:
Ասում է՝ Թաթուլն անասելի բարի էր, նվիրված, ընկերասեր: Կամեցող ու առատձեռն տղան սիրված էր բոլորի կողմից, երբեք ոչ մեկի անիմաստ չի նեղացրել,անգամ, եթե վիճել է մեկի հետ միշտ խիղճը տանջել է:
Լուսավոր ու կատակասեր տղան շատ է սիրել համեղ սնվել. «Մի համեղ բան վերցնում էր ու եթե մի քանի րոպե չկար, ուրեմն հյուրասենյակի սեղանի տակ թաքնված ուտում էր, իր թաքստոցն էր»:
«Թաթուլս մեր լույսն էր, մեր ուրախությունը, կյանքը, ու հիմա իրա չլինելու հետ էդ ամենն էլ չկա»․․․
Միմյանց հետ շատ կապված են եղել, Լիլիթի խոսքով՝ դա նրանից է, որ տեսակով շատ նման էին միմյանց:
Բանակ գնալուց առաջ ժպիտով գրկել է քույրիկին ու ասել՝ մռութներդ չկախես, անպայման գալու եմ… ասում է՝ իր միակ խոստումն է, որ չկատարեց:
Լիլիթի ու Թաթուլի մյուս եղբայրը՝ Սմբատը, ով հիմա ևս առաջնագծում է, օրինակ է եղել հերոսի համար. «Մեծ եղբայրս իր համար պաշտամունք էր, ձգտում էր իրեն նմանվել ու ամեն ինչ անում էր, որ Սմբատի համար լավ լինի»:
Թաթուլը միշտ է սիրել հայրենիքն ու երբեք չի թաքցրել այդ սերը․ «Հաճախ ասում էր՝ Հայաստանից լավ երկիր չկա, է՜սքան ազատ ու է՜սքան սիրուն»…
Եկեղեցին, որը Թաթուլը ծառայության ընթացքում լուցկու հատիկներով էր պատրաստել, պատերազմի պատճառով չհասցրեց ավարտել: Այն պետք է ունենար 5 գմբեթ, որը խորհրդանշում էր իրենց ընտանիքի անդամների թիվը, սակայն Թաթուլը 4-ն էր հասցրել պատրաստել, ուղարկել էր տուն և խնդրել, որ մայրը ավարտին հասցնի: Հիմա եկեղեցին Թաթուլենց տանն է՝ իր անկյունում:
Ծառայությունից չի բողոքել, քրոջ խոսքով՝ երբեք ձայնի մեջ տագնապ ու անհանգստություն չի նկատել: Լիլիթը իր խորհին շնորհակալությունը հայտնեց ներկա իշխանություններին՝ փաստելով, որ և´ սնունդը, և´ մթնոլորտը շատ լավ է եղել:
Վերջին անգամ խոսել է հայրիկի հետ, ասել է՝ գնում եմ պատերազմ, ավարտից հետո կկարողանանք խոսել: Ասել է, որ հիշում է հոր խոսքերը. «Կամ վահանով, կամ վահանի վրա»:
Դեպքը եղել է սեպտեմբերի 29-ին, Թաթուլը իր անձնվեր կամքով խոցել է 5 տանկ ու դասվել մեր անմահ հերոսների շարքին:
Քրոջ համար հերոսի քայլը զարմանալի չի եղել, ինքը Թաթուլին բոլորից լավ էր ճանաչում։ Ասում է՝ ամեն ինչ անելու է, որ կյանքի յուրաքանչյուր պահում արժանի լինի հերոս եղբորը:
«Ես հիմա իրան ուզում եմ ասեմ, որ ինքը եղել ա, կա ու կմնա միշտ մեր մտքերում, մեր սրտերում, մեր ամեն օրվա մեջ: Կցանկանայի ասել, որ ինքը մեր բոլորի սպասելիքներն իրականացրել է, կասեի, որ իրեն բոլորից ու ամեն ինչից շատ եմ սիրում, ինչպես միշտ է եղել: Կխոնարհվեի իմ ախպոր առաջ, կասեի՝ հպարտ եմ, որ չի փախել, չի հանձնվել, գիտակցել է պահի լրջությունը և մեզ այս աշխարհում դարձրել է ամենահպարտը, բայց միևնույն ժամանակ՝ ամենադժբախտը»…
Նելլի Իգիթյան
2-րդ կուրս