ՓՈՂՈՑՈՒՄ ՍՆՎԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԲՈՒՐԳԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

ՓՈՂՈՑՈՒՄ ՍՆՎԵԼՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԵՎ ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՄԲՈՒՐԳԵՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ

1863

Արագ սնունդը մեծ թափով զարգացավ դեռևս 1950-ական թվականներին՝ ԱՄՆ-ում, իսկ այսօր անգամ համբուրգերային համալսարան է գործում Միացյալ նահանգներում: Մեզանում ևս այն տարածվեց իրեն բնորոշ արագությամբ, քանի որ գայթակղությունների հանդեպ թույլ մարդիկս չկարողացանք անտարբեր անցնել անհայտ ծագմամբ,  բայց տեսքից ախորժելի սննդի կողքով:

Կարեն Գիշյանը և’ սովորում է, և’ աշխատում: Ասում է, որ սիրում է արագ սնունդը, և այդ է պատճառը, որ նույնիսկ վնասակարության մասին իմանալով հանդերձ չի կարողանում իրեն ետ պահել: Շաբաթվա ընթացքում 2-3 անգամ ամենաքիչը  ուտում է արագ սնունդ, բայց խոսոտովանում նաև, որ պատճառը միայն սիրելը չէ, այլև ժամանակը. «Արագ է և համեղ: Երբեմն ժամանակը քիչ է լինում, իսկ դու՝ շատ սոված: Լավագույն տարբերակը այս դեպքում արագ սնունդն է: Գիտեմ որ վնաս է, աշխատում եմ գոնե փողոցում վաճառվող սննդից չօգտվել, այլ KFC-ից և նման այլ վայրերից…»:
Աշոտի օրը ևս անցնում է շատ հագեցած, նա սովորում է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում, պարում է հայկական, ավանդական պարեր, այդպիսով գուցե պատահակա՞ն չէ, որ ֆասթֆուդը չի հասցրել նրան մինչև վերջ գրավել. «Օգտվում եմ ֆասթֆուդից, բայց ոչ հաճախ: Սովորաբար  տանը պատրաստված ուտելիք եմ վերցնում ինձ հետ, նախ իմանում եմ թե ինչ եմ ուտում, և հետո տանը պատրաստվածն ուրիշ է..»:
Իսկ ի՞նչ են մտածում փոքր բիզնեսի այս տեսակով  զբաղվով, ասել է թե՝ արագ սննդի կետ ունեցող գործարարները: Միքայելն ու Սամվելը ունեն իրենց արագ սննդի կետը մեր քաղաքի երկու խոշոր ուսումնական հաստատությունների մոտակայքում: Այս փոքրիկ խորամանկությունն իր գործն անում է հավանաբար, քանի որ մեզ հետ զրույցում Միքայելը նշեց. «Հիմնականում երիտասարդներն են գնում արագ սնունդ: Երբեք չենք օգտագործում հին, փչացած մթերքներ, այդ պատճառով էլ չենք ունենում հաճախորդների պակաս»:

Կան նաև այնպիսիք, որ արագ սննդի պատրաստման և մատուցման մեջ փորձել են լինել ավելի ստեղծագործ: Ռափյան Վահագնը մինչև վերջերս աշխատել է արագ սննդի պատրաստման կետում՝ որպես մենեջեր. «Մենք չունեինք որևէ տաղավար, որտեղ կարող էին գալ և ուտել, աշխատում էինք բացառապես առաքման սկզբունքով, ընդ որում՝ առաքումն առանց վճարի: Ունեինք 50-60 ճաշատեսակ, բայց քանի որ աշխատում էինք ինտերնետային հարթակում, մեր գնորդները իրենք կարող էին պատրաստել նոր ուտեստ՝ ընտրելով իրենց ցանկացած մթերքները, չափաբաժինները..»,-մեկնաբանեց Վահագն Ռափյանը:
Հարցին՝  արդյոք այդ ուտեստները անվտանգ մթերքներից էին պատրաստում,Վահագն այսպես պատասխանեց. «Այլ կերպ լիներ չէր կարող, կան սանիտարահիգիենիկ պայմանների որոշակի  ստանդարտներ, և եթե դու չես աշխատում դրանց համապատասխան, ստիպված ես տուգանք վճարել: Մեր գործունեության ընթացքում այս հարցի շուրջ խնդիրներ չենք ունեցել. մեր հաճախորդները գոհ էին: Քանի որ տաղավարային սկզբունքով չէինք աշխատում, այլ օնլայն պատվերների, մեր հիմնական հաճախորդները գրասենյակային աշխատողներն էին, ովքեր ունեն ընդմիջման ֆիքսված ժամ, տևողություն:

Էնդոկրինոլոգ Անի Պետրոսյանը բացառեց արագ սննդի օգտագործումը, անկախ նրանից այն ինչպես է պատրաստված՝ գայթակղիչ, գեղեցիկ  թե ախորժելի. «Արագ սնունդը առաջին հերթին դժվարացնում է մարսողությունը: Երբ ոտքի վրա արագ ուտում ես, չես զգում՝ ինչպես հագեցար, սկսվում է հորմոնների անհավասարակշռություն, որն էլ հանգեցնում է ճարպակալման: Բացի սրանից, արագ սննդի շատ օգտագործումը իջեցնում է օրգանիզմի դիմադրողականության մակարդակը, բարձրացնում դիաբետի ռիսկը: Հատկապես վնասակար է ֆրին, որը պատրաստում են մի քանի անգամ օգտագործված ձիթապտղի յուղի մեջ: Նորմալ սնվելու դեպքում անգամ մենք չենք լրացնում մեր օրգանիզմի ամեն օրվա պահանջը, ուր մնաց թե արագ սնունդը կարողանա լրացնել:Այն միայն վնասում է մեզ»:

Նոռա Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել