Կամավորներն աջակցում են նաև զինվորների ընտանիքներին, որոնք ևս ունեն դրա կարիքը

Կամավորներն աջակցում են նաև զինվորների ընտանիքներին, որոնք ևս ունեն դրա կարիքը

1319

Պատերազմական օրերին շատերը փորձում են թիկունքն ամուր պահել ինչ-որ աշխատանք իրականացնելով, արցախցիներին օգնելով և նրանց կարիքները մի փոքր մեղմացնելով: Նման նախաձեռնության կամավորներից է նաև Աննան, ում խոսքով պատերազմի հենց հաջորդ օրը համախմբվել են և սկսել օգնել այն մարդկանց, որոնք հիմա դրա կարիքն ունեն: Աննան վստահ է, որ  նման նախաձեռնության գաղափարն այս օրերին եղել  է յուրաքանչյուր հայի մոտ: Պատերազմի առաջին օրերին Երևանի գրեթե բոլոր հատվածներում կարելի էր հանդիպել կամավորների ջոկատներ, որոնք փորձում էին անել առավելագույնը` զինվորի թիկունքը ամուր պահելու համար:  Իրենց  թիմի անդամներից շատերն  արդեն տարիներ շարունակ զբաղվել են բարեգործությամբ, ուստի՝ նման նախաձեռնությամբ հանդես գալն իրենց պարագայում շատ տրամաբանական և օրինաչափ է:

«Հիմնականում հենց մեր հայրենակիցներն են մեզ գտնում, օրինակ  սոցցանցերում, մեր ուղիղ եթերների մեկնաբանություններում։ Կարծում եմ՝  արցախցի մեր  հայրենակիցներն իրենք էլ են իրենց հարազատներին և բարեկամներին փոխանցում մեր տվյալները: Մեր հեռախոսահամարները վաղուց տարածված են, և մեր ընկերներն էլ գիտեն, թե ինչով ենք զբաղվում սեպտեմբերի  28-ից մինչ օրս, և իրենք էլ են համապատասխան տվյալներ ունենալու դեպքում փոխանցում մեզ»,- պատմեց Աննան: Նա նշեց  նաև, որ մինչ օրս տեղավորել են Արցախից եկած մի քանի հազար քաղաքացու և պարբերաբար այցելում են և իրենց աջակցությունը ցուցաբերում:

 «Ինչ վերաբերում է ապրանքը բաշխելուն, ապա այն տեղի է ունենում ըստ ընտանիքի անդամների քանակի, ըստ կարիքի և որոշակի այլ չափանիշների: Անդրադառնալով ֆինանսական կողմին, նշեմ, որ նախաձեռնության առաջին օրերին սնունդի և հագուստի տեսքով իրենց աջակցությունը ցուցաբերած հայրենակիցների հոսքը չէր դադարում, և բնականաբար, մեր անձնական ֆինանսական միջոցների կարիքը գրեթե չէր զգացվում: Բայց, քանի որ երկարատև էր այս պատերազմական դրությունը, ապա հասկանալի պատճառներով այժմ ֆորմատը մի փոքր փոխվել է, և այժմ գնումների բաժինը ընկած է մեզ վրա, ուստի՝ մենք ևս ապահովում ենք ֆինանսական կողմը»:

Աննան նաև հավելեց, որ մեծաթիվ են այն բարերարները, հայրենակիցները  և  սփյուռքահայերը, որոնք մեծ ներդրում են ունեցել այս գործն իր վերջնական նպատակին հասցնելու համար:  Այս մեկ ամսվա ընթացքում իրենք աջակցել են մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց, թե´ բնակարանային հարցով, թե´ սնունդով ու հագուստով: «Մեզ համար առաջնային եղել և մնում է զինվորը: Մեր սերն ու երախտապարտությունը ցուցաբերելու համար մենք Արցախ ենք ուղարկում նաև զինվորական տաք հագուստ, դեղորայք, հիգիենայի և այլ տարբեր պարագաներ, ինչպես նաև մեր հրաշք երեխաների նամակները` լի սիրով ու ջերմությամբ:  Իսկ եթե ցանկացողներ լինում են իրենց լուման ներդնել այս համընդհանուր բարի գործում, կարող են այցելել Կիևյան 2/2 հասցե, մենք այստեղ ենք միշտ՝ 24/7 ռեժիմով, և լինելու ենք այստեղ, քանի դեռ գոնե մեկն ունի մեր օժանդակության կարիքը»:

Իզաբելլան այս նախաձեռնության գրանցման բաժնի պատասխանատուն է,  համակարգում է բոլոր այն անձանց տվյալները, որոնք դիմում են իրենց կենտրոն. «Մենք այստեղ ունենք պատասխանատուներ, օրինակ՝ դեղորայքի, սնունդի և հագուստի: Եթե հագուստը շատ է լինում, և մեր աղջիկը չի հասցնում, պարտադիր իրեն օգնում են, որովհետև էստեղ բոլորս կամավոր ենք ու եկել ենք ինչ-որ մի բանով օգտակար լինելու: Իսկ ես զրուցում եմ Արցախից ժամանած հայրենակիցների հետ, հիմնականում ճշտում եմ քանի հոգով են տանը, կոնկրետ ինչի կարիք ունեն և այլն: Օրինակ՝ լինում է, որ փոքր երեխա ունեն ու ուղղակի միայն տակդիր է իրենց  պետք, սնունդը կա»: Իզաբելլան իր հավաքած ինֆորմացիան տալիս է համապատասխան բաժնին, և նրանք արդեն  հավաքում են իրերը և տալիս իրենց վարորդների պատասխանատուին, վերջինս էլ կազմակերպում է տեղափոխումը: Նախաձեռնության շրջանակներում նրանք օգնում են  ոչ միայն Արցախից ժամանածներին, այլև զինվորների ընտանիքներին, որովհետև իրենց խոսքով՝ չպետք է մոռանալ, որ  կլինեն զինվորների ընտանիքներ, որոնք նույնպես  կունենան  աջակցության կարիք:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել