Զինվորը հայրենիքի ու իր հրամանատարի որդին էլ է. մայոր Դավիթ Գուրջինյան

Զինվորը հայրենիքի ու իր հրամանատարի որդին էլ է. մայոր Դավիթ Գուրջինյան

722

Այսօրվա մեր զրուցակիցը մայոր Դավիթ Գյուրջինյանն է,ով մասնակցել է  90-ականների Արցախյան պատերազմին,եղել է «Զորավար Անդրանիկ» կամավորական ջոկատի հրամանատարը։ Այժմ մայոր Գյուրջինյանը հայոց բանակի հակաօդային պաշտպանության զորամասերից մեկում է ծառայում։

Ինչու՞ ընտրեցիք զինվորականի կյանքը։

-Զինվորականի կյանքն ընտրեցի իմ կամքից անկախ: Նախքան պատերազմը հյուսն եմ եղել, սակայն ուրագն ու սղոցը ստիպված էի թողնել ու ձեռքս առնել զենքը։ Շատ դժվար օրեր ենք ունեցել պատերազմի ժամանակ։ Պահ է եղել, երբ տեսել ենք՝ 100 պատգարակ են բերում վիրավորների համար։ Կռիվների ժամանակ մտածում էինք՝ տեսնես ո՞ր մեկիս կտանեն այդ պատգարակով։

Ինչպիսի՞ն պիտի լինի հրամանատարը։

 -Ես, օրինակ, շատ խիստ հրամանատար եմ եղել։ Երբևէ չեմ ներել զինվորի արած սխալը։  Ինձ համար միևնույն է՝ զինվորն ում որդին է։ Զինվորը հայրենիքի ու իր հրամանատարի որդին էլ է։ Պատժելու դեպքում խիստ պատժել եմ, լավ արարք անելու դեպքում էլ՝ մի լավ գովացել։

Զինվորական գործում ի՞նչն է ամենադժվարը։

-Զինվորական գործում հրամանատարի համար ամենադժվարը կարգապահությունը պահելն է։ Կարգապահ զինվորի համար ամեն ինչ հաղթահարելի կլինի։ Եթե պատերազմի ժամանակ զինվորը, բարութի հոտն առնելուց հետո, կարողանում է ոտքի վրա կանգնել, ուրեմն նրա առաջը ոչ ոք չի կարող առնել։ Նա իր պոստը չի թողնի, երբե՛ք։

Ձեր աշխատանքի ընթացքում ամենացավոտ դեպքը, որ հիշում եք, ո՞րն է։

Միշտ աշխատել եմ այնպես անել, որ իմ զինվորին ոչ թե տանեն, այլ ինքն իր ոտքով տուն գնա։ Բայց 1992-ի օգոստոսի մեկը… Կյանքիս ամենամեծ ձախորդությունն էր Վարուժանի մահը։ Վարուժանն իմ ենթական էր, իմ աջ ձեռքը։ Մինչև հիմա չեմ կարողանում ինքս ինձ ներել։ Եկավ իմ ջոկ, ասեցի՝ հերիք է, տուն գնա։ Չլսեց, մնաց… Խփվեց: Այդ օրը որոշեցի՝ եթե որդի ունենամ, անունը Վարուժան եմ դնելու։ Այդպես էլ արեցի։

Ձեր մղած կռիվներից ո՞րն եք ամենալավը հիշում այսօր։

-Ամենալավը հիշում եմ Կնդվասակի կռիվը: 1993 թ. հունվարի 17-ին բեկորային վնասվածք  ստացա, սակայն չլքեցի  հենակետս, որովհետև հրամանատարը պետք է մնա ու «դուխ տա» իր զինվորներին։ Լավ հրամանատարը պիտի սառնասիրտ լինի։ Զոհ տալով աչքի չես ընկնի։ Պիտի այնպես անես, որ առանց զոհի կատարես առաջադրանքդ։ Ես Վարուժանին եմ կորցրել իմ ջոկից ու հիմա չեմ կարողանում ինձ ներել դրա համար։ Հրամանատարը իրավունք չունի ընկճվելու։ Ամեն ինչ գիտակցել եմ, բայց երբեք չեմ արտահայտվել զինվորներիս մոտ։

Ի՞նչ է փոխել պատերազմը ձեր մեջ ու ի՞նչ կմաղթեք այսօր հայերին ու արցախցիներին։

-Պատերազմից հետո սկսել եմ ավելի լավ ճանաչել մարդկանց, գնահատել ընտանիքս  ու ավելի շատ սիրել հայրենիքս։ Տավուշցին աննկուն է իր լեռների պես. նա գիտի իր հայրենի հողը պաշտպանել։ Ու նաև՝ ցանկացած հայ ու արցախցի։ Որպես փորձառու զինվորական, հաստատ ասում եմ՝ հաղթելու ենք։

Աննա Խաչատրյան

2-րդ կուրս

Կիսվել