Արցախում պատերազմն սկսելու առաջին իսկ օրվանից սահմանամերձ Տավուշի երեխաները մեղվի պես աշխատում են։ Լավ իմանալով սահմանի, զինվորի գինը՝ նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է՝ իր ներդրած ջրի մեկ կաթիլը հետո կարող է ծով դառնալ։ Տավուշ գյուղի դպրոցի երեխաները արդեն մոռացել են, թե երբվանից են քողարկող ցանցեր գործում իրենց ուսուցիչների հետ։ Շատերի մատները կարմրած են, աչքերը՝ քնատ։ Դպրոցում մինչև ուշ երեկո աշխատելուց հետո էլ վազում են տուն, վերցնում գիրքն ու սկսում կարդալ։
«Գիտե՞ք՝ հայրենիքը հենց մեզնից է սկսում,այստեղից,այս սահմանից ու գնում–հասնում է մինչև Արցախի սահման։ Այ դա է մեր իսկական հայրենիքը։ Շատ կարևոր է մեզնից յուրաքանչյուրի աշխատանքը։ Հիմա իմ եղբայրը սահմանին է, ու ցանցը գործելիս միշտ մտածում եմ՝ իմ եղբոր համար է»,-ասում է տասնչորսամյա Մարինեն։
Գյուղը, որ սահմանից ընդամենը 7 կիլոմետր է հեռու, պատերազմ տեսավ նաև հուլիսին։ Ուսուցիչները մեծ խանդավառությամբ են խոսում իրենց աշակերտների, հատկապես նրանց մասին, ովքեր հիմա սահմանին կանգնած են։
«Ես ուղղակի չեմ կարողանում հավատալ, որ նման ոսկե սերունդ ենք կրթել մենք։ Դպրոցում պատմություն առարկան այդպես էլ չսովորեցին, բայց հիմա պատմություն են կերտում։ Շատ ենք անհանգստանում մեր տղաների համար,բայց միևնույն ժամանակ էլ հպարտ ենք նրանցով։ Մի մասը թիկունքում է պատերազմում՝ օր ու գիշեր,մի մասն էլ այնտեղ՝ սահմանին։ Մի քանի անգամ էլ ուտելիքներ ենք ուղարկել՝ տուփերի վրա «Սահմանից սահման» գրած»,-պատմում են ուսուցիչները։
Այստեղ մեծից փոքր հավատում են հաղթանակին ու խոստանում՝ ինչքան պետք լինի, այնքան կգործեն քողարկող ցանցեր։
Աննա Խաչատրյան
2-րդ կուրս