ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

2014

«Կենդանաբանական այգին գազանանոցն ա։ Ես եղել եմ այնտեղ, մամաս ու քուրիկս են տարել: Ընձուղտ չեմ տեսել, փիղ, կոկորդիլոս, վագր տեսել եմ: Ամենահետաքրքիրը կարապն էր, իսկ ամենա-ամենա հետաքրքիրը փիղը»,- ասաց փոքրիկ Մերուժիկը։

Մերուժիկի մայրիկը՝ Անահիտը խոսեց մեզ հետ փոքրիկի ժամանցի կազմակերպան և այն Կենդանաբանական այգում անցկացնելու մասին․
– Ես երեխայի ժամանցի կազմակերպման տարբեր ձևեր եմ մտածում, երեխաները նորություններ են սիրում, դե իսկ ավանդականներից՝ կարուսել ու Կենդանաբանական այգի: Քանի որ աստղաբաշխական աշխատավարձ չունեմ, տարվա մեջ ավանդական հաճույքներից փոքրիկս օգտվում է 2-4 անգամ՝ հիմնականում արձակուրդին:

Եթե գումարի մասով պատասխանեմ՝ թանկ հաճույք չէ, բայց էժան էլ չէ՝ մանավանդ, երբ երեխադ հավանում է տարածքի բոլոր փուչիկները, գնդակները, մեքենաները ու ձգտում նույնիսկ իր հետ տուն տանել նաև փղին: Բացի փղից՝ բոլոր ցանկությունները կատարվել են, դրամապանակս՝ դատարկվել»:

14-ամյա Ռոզան առանձնակի սեր ունի դեպի բնությունն ու կենդանիները, բայց հարցին, թե ինչն է պակասում մեր Կենդանաբանական այգուն, նա վստահ և կտրուկ ասաց․

– Նապաստակներ չտեսա, նապաստակները սիրուն կենդանիներ են, պետք է շատ լինեն։ Մի բան էլ կար, որ չհավանեցի․ գայլերի ու առյուծների վանդակներն էին փոքր, չէին շարժվում, որ տեսնեինք»։

63-ամյա տիկին Սեդան հիշում է՝ իրենց ժամանակ Կենդանաբանական այգին այնպիսին չէր, ինչպիսին այսօր է․

– Կենդանիների տեսակները քիչ էին, հիմա ավելի հետաքրքիր է, զանազանություն կա։ Բացի սրանից պայմանները նույնպես բարվոք են, համեմատաբար մաքուր է և էսթետիկ։ Երեխաներս փոքր ժամանակ շատ էին սիրում Կենդանաբանական այգին, բայց հաճախ չէի տանում, սուր արտահայտված հոտ կար, դուր չէր գալիս ոչ ինձ, ոչ էլ իրենց»։

Հայտնի լեգենդները Կենդանաբանական այգում շրջող հոտի մասին, փաստորեն, այնքան էլ լեգենդ չէին։ Չնայած նրան, որ այժմ վիճակն ավելի լավ է, այդ հոտը ի սպառ չի վերացել։ Այս մասին խոսեցինք Երևանի Կենդանաբանական այգու մամուլի պատասխանատու Մանե Մադոյանի հետ։

– Կա հոտ, որը կենդանու հոտն է, որը կա նույնիսկ լավագույն կենդանաբանական այգիներում, և կա հոտ, որը վատ համակարգի և մաքրության բացակայության արդյունք է։ Այո, առաջ հոտն ավելի քան սրված էր, բայց դա մաքրության պակասից չէր, ոչ էլ աշխատողներից, աշխատողները չեն փոխվել, փոխվեց կոյուղաջրերի կառուցվածքը։ Այժմ կոյուղաջուրը նորմալ համակարգով է դուրս գալիս և չի հայտնվում բաց ջրամբարում, հետևաբար չի տարածվում։

Մանեն բացատրեց, որ կենդանիների յուրահատուկ հոտի դեմ ոչինչ չի լինի անել, որոշ կենդանիների մոտ այն արտահայտված է, որոշների մոտ ոչ այնքան, այնպիսիններն էլ կան, որոնց մոտ դա պաշտպանողական ֆունկցիայի դեր է կատարում, երբ մարդ են տեսնում, զգում են վտանգ, ասես հոտով վախեցնում են։ Սխալ էլ կլինի արհեստականորեն լրիվ վերացնել այդ հոտը, քանի որ մարդիկ, գալով այստեղ, պետք է զգան, որ բնությունը, կենդանիներին:

Հիշելով Ռոզայի դժգոհությունը, փորձեցինք ճշտել ազատավանդնակների հարցը, մասնավորապես՝ դրանց նեղության հարցը։

– Այդ խնդիրը կա։ Դա մի բան է, որ Կենդանաբանական այգու տնօրինությունը երբեք չի թաքցնում։ Դրա համար մեզ անհրաժեշտ են շատ ռեսուրսներ՝ տնտեսական, մարդկային, ժամանակի։ Վաղ ժամանակներում Կենդանաբանական այգու խնդիրը միայն ցուցադրելն է եղել, արել են այնպես որ չվնասեն կենդանիները մարդկանց և բավարարվել են այդքանով։ Այժմ կենդանաբանական այգիներն իրենց առջև այլ խնդիրներ էլ են դրել՝ վայրի բնության պահպանման խնդիրը։ Այսինքն վայրի կենդանիների համար պետք է ստեղծվեն մաքսիմալ պայմաններ, որպեսզի նա իրեն զգա ինչպես բնության մեջ։ Իսկ դրա համար, ինչպես ասացի, հարկավոր են ռեսուրսներ»։

Հարմարավետությունը կենդնաիների վանդակներում կարևոր է ոչ միայն հենց իր՝ կենդանու ինքնազգացողության, այլև խնամողի համար։ Մանեն նշեց, որ տարբեր կենդանիների հետ աշխատելու համար տարբեր հմտություններ են պետք․

– Օրինակ գիշատիչների հետ միայնակ չպետք է աշխատել, միշտ երկրորդ մարդ պետք է լինի։ Ցանկացած պարագայում մի որոշակի ժամանակահատված է հարկավոր, աշխատանքի ժամանակ օգնում է շատ սերը կենդանիների նկատմամբ։

Աշխատակիցները միայն խնամողները և հսկիչները չեն։ Լուսինե Թորոսյանը աշխատում է Երևանի կենդանաբանական այգում, որպես լուսանկարիչ։ Պատմում է սիրելի կենդանիների և աշխատանքի մասին․
– Այն ժամանակից, երբ մտա կենդանաբանական այգի, այգուց դուրս թողեցի իմ բոլոր վախերը: Եթե սկսես վախենալ, չես կարողանա: Արդեն փղի մոտ էլ եմ մտնում, որոշակի հեռավորության վրա իհարկե։ Ամենասիրելիները սկյուռակապիկներն են, լեմուրները: Բայց երևի ամենաշատը սիրում եմ նկարել թռչուններին: Մի պահ կար, սիրում էի լուսանկարել ուխտեր, լամաներ, իսկ հիմա ավելի շատ մանր-մունր կենդնաիներ, հետաքրքիր միմիկաներ ունեն, հետաքրքիր լուսանկարներ են ստացվում: Լավ կլինի, եթե նոր ազատավանդակներ լինեն, դրանք չեն սահմանափակի նաև լուսանկարչին աշխատանքնի մեջ:

 

Նոռա Գրիգորյան

4-րդ կուրս

Կիսվել