Մեր ստորաբաժանումներին հաջողվել է թշնամուն հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ. Արծրուն...

Մեր ստորաբաժանումներին հաջողվել է թշնամուն հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ. Արծրուն Հովհաննիսյան

678

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննրսյանը ասաց, որ դեռ անցնող ողջ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ-երը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։

«Մեկ վաշտ, մեկ դասակ և այլ ուժերի կազմով նախաձեռնած հարձակումները տապալվել են, հետ են մղվել։ Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։ Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

«Բոլոր ուղղություններում թշնամու հարձակման փորձերը տապալվել են, որոշ տեղերում հետ են շպրտվել նույնիսկ հետապնդման հնարավորությունով։ Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հետապնդել և որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն, Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել մեկ երկու դիրք․ Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ»,-ընդգծեց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ այս պահին մարտերը շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական ուղղությունները, որոնք 3-4 ուղղություններով են եղել, տապալված են։

«Կիրառվել են հիմնականում վաշտի, գումարտակի չափի ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են։
Ընդհանուր առմամբ, իրավիճակը վերահսկելի է։ Հակառակորդի շարժերը, վերախմբավորումները նկատվում են և հիմնականում հրետանու կրակով խոցվում են»
,-ավելացրեց ՊՆ ներկայացուցիչը։

Կիսվել