ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՓԱՌՔ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՓԱՌՔ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ

2399

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Ծաղկազարդ տոնը նշեց ապրիլի 9-ին: Այս տոնը   նվիրված է Տիրոջ մուտքին Երուսաղեմ:

-Ծաղկազարդը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ, որը հոգևոր իմաստով խորհրդանշում է Աստծո թագավորելը մեր սրտերին: Չնայած հրեաները այն ժամանակ Քրիստոսին դիմավորեցին որպես աշխարհիկ թագավորի, սակայն Քրիստոսը եկավ թագավորելու մեր սրտերին,- նշում է մեզ հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Այս տոնը նշվում է Մեծ Պահքի վերջին կիրակի օրը:

-Եթե Մեծ Պահքը մեր` դեպի Աստված գնալու ճանապարհն է, ապա Ավագ Շաբաթով, որը սկսվում է  Ծաղկազարդով, Աստված է ընդհառաջ գալիս մեզ:

Այդ օրը մարդիկ գնում են եկեղեցի` մասնակցելու Սուրբ Պատարագին: Պատարագից հետո նրանք իրենց հետ տուն են տանում օրհնված ձիթենու կամ արմավենու ճյուղեր: Քրիստոնյաները մեծ հավատով են գնում ճյուղերը` հույսով, որ դրանք հաջողություն են բերելու:

Մեզ հետ զրույցում տիկին Աննան պատմում է.

-Ես ամեն տարի եկեղեցուց տանում եմ ինձ հետ տուն օրհնված ճյուղեր: Կարծում եմ դա մեզ բոլորիս կբերի հաջողություն, քանի որ այն եկեղեցում Աստծո կողմից օրհնված է: Հիշում եմ` երբ փոքր էի, տատիկս մեզ ամեն տարի տանում էր եկեղեցի մասնակցելու պատարագին, որից հետո անպայման մեզ հետ տուն էինք տանում արմավենու ճյուղերը, նույնն էլ հիմա անում եմ թոռնիկիս հետ:

Թե ինչու՞ հենց արմավենու կամ ձիթենու ճյուղերն են Ծաղկազարդի խորհրդանիշը, մանրամասնեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

-Հիսուսի մուտքը Երուսաղեմ ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերի հետ իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Օվսաննա՜ Բարձյալին, օրհնյալ լինի Նա, Ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 11: 9-10): Ըստ Եկեղեցու հայրերի՝ Հիսուսի առջև հանդերձներ փռելը խորհրդանշել է մեղքերը Քրիստոսին խոստովանելը: Ոստեր և ճյուղեր ընծայելն ընդհանրապես առանձնակի պատիվներ և հանդիսավորություն էր նշանակում: Ձիթենին ընկալվել է որպես իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Մեռյալ Ղազարոսին հարություն տված Քրիստոսին Ձիթենու և արմավենու ճյուղեր են ընծայել։

Ծաղկազարդը այն տոներից մեկն է, որը հայ երիտասարդությունը ամեն տարի նշում է և տալիս է մեծ կարևորություն: Ամենակարևորը` ժամանակի ընթացքում պահել տոնի հետ կապված բոլոր ծեսերը.

-Տոնի հետ կապված ծեսերը պահպանվում են,  քանի որ այն գրեթե միշտ եղել է մեր կենցաղում և ժողովրդի կողմից սիրված տոներից մեկն է, – հավելեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

Անուշիկ Մկրտչյան

4-րդ կուրս

Կիսվել