Մեծ Սարիարի բնակիչը՝ գյուղի կամավորական աշխատանքների մասին

Մեծ Սարիարի բնակիչը՝ գյուղի կամավորական աշխատանքների մասին

1046

Պատերազմի սկսվելուց` սեպտեմբերի 27-ից ի վեր ամբողջ ՀՀ-ի տարածքում սկսվել են կամավորական աշխատանքներ։ Քաղաքացիները հավաքում են առաջին անհրաժեշտության իրեր և ուղարկում Արցախ։  Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի 18-ամյա բնակիչ Լարվենտ Զաքարյանն այդ քաղաքացիներից մեկն է։

-Ինչպե՞ս որոշեցիր մասնակցել կամավորական աշխատանքներին։

-Պատերազմի ընթացքում   զորքին և իրենց ընտանիքներից բաժանվածներին պետք էր օգնություն, մենք էլ որոշեցինք մեր փոքրիկ աջակցությունը ցուցաբերել  նրանց։

-Ի սկզբանե ինչպիսի՞ն էր գյուղացիների տրամադրվածությունը։

-Ի սկզբանե տրամադրվածությունը մարտական էր․ բոլորս պատրաստ էինք ցանկացած հրահանգի, որը կտրվի պետության կողմից՝ թե՛ զինվորական  ծառայություն և թե՛ կամավորական աշխատանքներ։

-Ովքե՞ր են կազմակերպել կամավորական աշխատանքները։

Կամավորական աշխատանքները կազմակերպել են Մեծ Սարիարի և Կրաշենի գյուղապետերը։ Առաջին իսկ օրվանից նրանք կազմակերպեցին առաջին անհրաժեշտության պարագաների հավաքագրումը և Արցախ հասցնելը։

-Ի՞նչ եք հավաքել կամավորական աշխատանքների ընթացքում։

Հավաքել ենք կարտոֆիլ, մուրաբա, կոմպոտներ, հագուստ, հիգիենայի պարագաներ, քաղցրավենիք, մրգեղեն, վերմակներ և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ։

-Կամավորական աշխատանքներին մասնակցել են դպրոցականները, մեծահասակները։ Ում մասին ին՞չ կարող ես ասել։

-Այո, գյուղի դպրոցականները և մեծահասակները մասնակցել են, այլ գյուղերից տղաներ էլ կային։ Կոնկրետ որևէ մեկին չեմ կարող առանձնացնել, բոլորն իրենց աշխատանքին պատասխանատվությամբ են մոտեցել։

-Ամենաարժեքավոր բանը, որ մինչ այս նվիրաբերվել է, ի՞նչ է եղել։

-Կոնկրետ որևէ ապրանք չեմ կարող առանձնացնել, բայց գյուղացիներից մեկը մոտ 150.000 դրամի ապրանք է նվիրաբերել հայոց բանակին։ Բայց ես կարծում եմ, որ անկախ ծախսած գումարից՝ ամենակարևոր բանը, որ ուղարկում ենք մեր զինվորներին, մեր սերն ու աջակցությունն են։

-Դու արդեն 18 տարեկան ես։ Ե՞րբ ես բանակ գնալու։ Տրամադրվածությունդ ինչպիսի՞ն է։

-Գնալու եմ 2 ամսից։ Տրամադրվածությունս լավ է, պատրաստ եմ գնալ և կռվել հայրենիքի համար։

Վաղինակ Ասատրյան

2-րդ կուրս

Կիսվել