«Ամեն մեկիս ցանկացած փոքր օգնություն վերջում մի մեծ բան է դառնում»․ վիրակապեր...

«Ամեն մեկիս ցանկացած փոքր օգնություն վերջում մի մեծ բան է դառնում»․ վիրակապեր պատրաստող կամավոր

742

Սեպտեմբերի 27-ը մարտահրավեր էր ոչ միայն հայ բանակին, այլ նաև ամբողջ հայ ազգին․ անհրաժեշտ էր ամեն ինչ անել՝ օգնելու սահմանին կանգնած զինվորին։ Եվ հենց այս գործում ամենամեծ դերակատարումն ունեցան կամավորները։ Նրանք սնունդ են հավաքում, իրեր փաթեթավորում, ոմանք ինչ-որ բան են գործում, իսկ ոմանք էլ փորձում են հիվանդանոցներում օգտակար լինել։

19-ամյա Անին, ով սովորում է բժշկական քոլեջում, Էրեբունի բժշկական կենտրոնում կամավորություն անողներից մեկն է․ օգնում է բուժանձնակազմին մեծ քանակի վիրակապեր պատրաստելու գործում։

– Սթրեսային չէ՞ այն կամավորական աշխատանքը, որը դու ես անում։ Ո՞րն է աշխատանքի ամենասթրեսային հատվածը։

– Քանի որ ես շատ սթրեսակայուն եմ, ինձ համար ոչ այնքան, բայց շատերի համար սթրեսային է վիրավոր զինվորներին տեսնելը, մանավանդ, եթե արդեն հաշմանդամություն են ձեռք բերել։ Նրանց տեսնում ենք, քանի որ բացի վիրակապական նյութ պատրաստելուց՝ նաև կարիք է լինում բուժքրոջ փոխարեն գնալ վիրակապության ու օգնել բժշկին։

 -Ըստ քեզ՝ ինչքանո՞վ է կարևոր այս օրերի կամավորական աշխատանքը։

– Բոլոր կամավորական աշխատանքներն էլ այս պահին կարևոր են, հատկապես առողջապահական ոլորտում (այս պահին կաթվածահար վիճակում է), քանի որ ամեն մեկիս ցանկացած փոքր օգնություն վերջում մի մեծ բան է դառնում։

– Ինչպե՞ս կմոտիվացնես այլոց՝ միանալու կամավորներին։

– Պետք է գիտակցել, որ այս ամենն արվում է հաղթանակի համար ու պետք է ամուր պահել ոչ միայն ճակատը, այլ նաև թիկունքը․ եթե թիկունքը թույլ եղավ, այսինքն՝ մարդկանց մեծամասնությունը ոչինչ չարեց օգնելու, աջակցելու համար, ապա կարելի է ասել, որ այդ ժողովուրդը թույլ է, համախմբված չէ, ու դա հաղթանակի չի տանի երբեք, քանզի ուժը միասնության մեջ է։

– Ասում են՝ որոշ ոլորտներում այնքան շատ մարդիկ են ներգրավված, որ նոր կամավորների կարիք չկա։ Արդյո՞ք այս պահին նոր կամավորների կարիք կա հիվանդանոցում։

– Էրեբունի բժշկական կենտրոնում այս պահին վիրակապ պատրաստողները քիչ են, ու դրա կարիքն իրոք կա, որովհետև հիվանդների վերքերը խորն են ու շատ, նյութերը չեն հերիքում բոլորին։

– Այս օրերին ավելացել են կորոնավիրուսով վարակվածության դեպքերը։ Բժիշկները պայքարում են 2 ճակատով։ Ի՞նչ ուղերձ կհղեք մեր քաղաքացիներին բժշկական կենտրոնի ներսից։

-Գիտակցել, որ այս պահին ամեն մահճակալ հաշված է, ու դրսևորել համարժեք վարք։

Նարեկ Ալեքսանյան

2-րդ կուրս

Կիսվել