2020 թվականի արցախյան պատերազմում հոկտեմբերի 7-ին զոհվեց նաև տավուշցի Վարուժան Սաղումյանը։
– Տղե՛րք, պատերազմ է, պատրա՞ստ եք զենք վերցնել ու մեկնել առաջնագիծ։
– Ճի՛շտ այդպես, պարոն հրամանատար:
Ու առաջինը շարքից դուրս է գալիս հաղթանդամ ու ազնվական դիմագծերով տասնութամյա մի տղա։
Տավուշ գյուղ գնացող գլխավոր մայրուղու ձախակողմյան բարձունքի վրա է Սաղումյանների տունը, որտեղ Վարուժան պապը, Արմանը, Անահիտը, Հայկն ու կրտսեր Վարուժանը վերջին անգամ ամբողջ ընտանիքով հավաքվել էին ամիսներ առաջ։ Նախ Հայկը զորակոչվեց բանակ, ապա հուլիսին՝ նաև Վարուժանը։
Բնավորությամբ աշխույժ Վարուժանը ծնողներին օգնում էր բոլոր գործերում։ Մայրը պատմում է, որ շատ էր սիրում ակնոց դնել ու միշտ ժպտում էր։ Չնայած, որ ընդունվել էր համալսարան՝ անվճար, որոշեց նախ բանակ գնալ։
«Գալիս էր տան մոտ հասնում, զանգում ու ասում՝ «Մայր, երեք հատ կոֆե»։ Ինձ միշտ այդպես էր դիմում։ Եփածս ճաշերից սիրում էր շատ բորշչ, փիփերթով, ոսպով ճաշ, ու սառն էր ուտում՝ առանց տաքացնելու։ Սառը-սառը լցնում էր ու ուտում՝ ամեն ինչ խորը թասիկի մեջ։ Մի անգամ էլ մոռացել էի իր ճաշը խորն ամանի մեջ լցնել, նեղացել էր ինձանից։ Մեկ էլ վերջին խոսքն իրենը պիտի լիներ, շատ վճռական էր տղես»,- պատմում է Անահիտն ու թերթում Վարուժանի նկարները. լուսանկարում սևաչ տղա է, ժպտուն աչքերով, լայն ծիծաղով:
Բանակ ճանապարհելու օրը զինկոմիսարիատի դիմաց մի աղջիկ գրկել էր Վարուժանին։ Բարեկամները միայն այդ օրն էին իմացել՝ ընկերուհին է։
«Ես գիտեի, որ ընկերուհի ունի, բայց տեսած չկայի այդ աղջկան, դեմքով չէի ճանաչում, նույնիսկ անունը չգիտեի։ Եթե Վարուժը դեռ հարկ չէր համարել ինձ պատմել աղջկա մասին, ես էլ չհարցրի։ Մի օր էլ բանակից նկարներ էր ուղարկել։ Ասեց՝ Կիմային էլ կուղարկես։ Այդպես ծանոթացա Վարուժիս սիրած աղջկա հետ»,- ասում է Անահիտը։
Տղան նաև կատուներ էր սիրում։ Մինչև բանակ գնալը մի օր զանգել ու մայրիկին հարցրել է. «Տանը կաթ կա՞»։ Դրական պատասխան ստանալուց հետո ձագը գրկին եկել է։ Հիմա էլ կա կատուն։ Թախտին քնում, արթնանում է, եկող-գնացողին էլ աչքերով ճանապարհում։ Բոլորը գիտեն՝ Վարուժի կատուն է։
«Հոկտեմբերի 7-ի երոկոյան ժամը իննին զանգեց, ասեց՝ «Մա՛մ, մի լացի, հպարտացի տղայովդ, գիտե՞ս՝ ինչե՜ր ենք անում էստեղ։ Գամ, ամեն ինչ կպատմեմ անպայման»։ Ձայնն էլ ահավոր կտրված էր, բայց անընդհատ կրկնում էր՝ հաղթելու ենք»,- պատմում է մայրը։
Գազօջախին շարունակում է ճաշը եփել, որին ոչ ոք այդպես էլ ուշադրություն չի դարձնում։ Կատվի աչքերը փակ են, բայց ականջները՝ սրած։ Երևի գիտի՝ ումից ենք խոսում։ Պատմություններ են պատմվում, որոնք բոլորը Վարուժանի մասին են։
Կողքի սենյակը, որտեղ պապ ու թոռ միասին էին քնում, այժմ փոքր թանգարանի է վերածվել. եռագույնի վրա հերոսի իրերն են՝ մեծ նկարը, որտեղից տղան է ժպտում, տետրերը՝ մաքուր-մաքուր գրած, կապավորի հուշատետրը, զինվորի աղոթագիրքը, խաչը, պատվոգրերը ու ծաղկամանի մեջ՝ մի թարմ ծաղկեփունջ։
Զրույցի ընթացքում սենյակ է մտնում Վարուժան պապիկը՝ թոռան մասին հազար անգամ լսածները նորից լսելու, ու դուրս գալիս կրկին՝ ձեռքերը կորացած մեջքին դրած։ Պապը մեկ գալիս, մեզ է լսում, մեկ՝ գնում-կանգնում փոքրիկ թանգարանի դիմաց։ Մեկ էլ քիչ անց դողացող ձեռքերով մի թուղթ է բերում. թոռնիկի մասին բանաստեղծություն է գրել:
«Ընկար, սիրելի՛ս, թշնամուց խոցված,
Ճակատդ փառքի շողերով օծված,
Ապրեցիր, ավաղ, սոսկ տասնութ գարուն,
Քեզ նվիրելով լավին ու բարուն,
Խոհերդ՝ ազնիվ, քայլերդ՝ շիտակ,
Առյուծի սիրտ էր զարկում կրծքիդ տակ։
Ռազմիկ էիր դու խիզախ և տոկուն,
Վհատությունը խորթ էր քո հոգուն։
Գնացիր՝ թուրքից վրեժդ առած,
Գոհության շուքն էր շուրթերիդ սառած։
Դու հերոս էիր քո մորից ծնվել,
Հայրենի հողի սուրբ սիրով սնվել,
Հանուն հայրենյաց դարձել մահապարտ,
Եվ շուն թուրքի դեմ մարտնչել հպարտ։
Օրհնվի, տղես, քո սուրբ անունը,
Ուղեկից դառնա թող քեզ անհունը։
Նահատակվել ես, բայց չես մահացել,
Հաղթել ես մահին և անմահացել։
Տիրոջից շնորհ դու չէիր խնդրել.
Իմացյալ մահը ինքդ ես ընտրել,
Զինվորագրվել Վարդանանց ուխտին,
Արժանացել սուրբ զոհյալի բախտին։
Ննջում ես հիմա մայր հողի ծոցում,
Մենք մոխրանում ենք կարոտիդ բոցում»։
Աննա Խաչատրյան
2-րդ կուրս