Մեր Տիգրանը. Գյուղն ու դպրոցը հիմա միայն նրա մասին են հիշեցնում

Մեր Տիգրանը. Գյուղն ու դպրոցը հիմա միայն նրա մասին են հիշեցնում

1816

«Տիկոն դպրոցը ավարտելուց վեց ամիս  անց պետք է մեկներ ծառայության, սիրում էր ծառայությունը, նույնիսկ միտք կար՝ ուզում էր գնալ վայենկոմատ՝ դիմում գրեր, որ իրեն շուտ տանեին բանակ։ Ասում էր՝ շուտ  գնամ, որ շուտ էլ հետ գամ»,- պատմում է Տիգրանի քույրը՝ Նաթելլա Սիմոնյանը։

Տիգրան Սիմոնյանը ժամկետային զինծառայող էր։  Ծնվել և մեծացել էր  Տավուշի մարզի  սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում։ Ծառայության ավարտին չորս ամիս էր մնացել, երբ սկսվեց պատերազմը։ Նա տանկիստ էր, մարտական առաջադրանք կատարելիս՝ իր զինակից ընկերների հետ անմահացավ։

Քույրը պատմում է նաև, որ  Տիգրանը դպրոցական տարիներից հիանալի նշանառու էր, ռազմագիտության դասերից ամենաշատը սիրում էր կրակային պատրաստության մասը․ «Մեր՝ երկկոմպլեկտ դասարանում, ամենալավը ինքն էր կրակում, ծառայության ժամանակ էլ բազմիցս ապացուցել է դա․ լավ կրակելու համար երկու  անգամ խրախուսական արձակուրդով էր պարգևատրվել»։

Տիգրանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի, ոչնչացրել է հակառակորդի երկու տանկ ու կենդանի ուժ։

«Ծառայության ընթացքում Տիկոյի հետ  հաճախ էինք խոսում հեռախոսով,  մի օր հարցրեց՝ ի՞նչ մեդալներ ունես, ասեցի՝ «Մարտական հերթապահություն»,  կատակով պատասխանեց՝ փաստորեն դու չես ծառայել էլի, ես «Բանակի գերազանցիկ» ու «Քաջարի մարտիկ» շքանշաններով եմ զորացրվելու»,- հիշում է Տիգրանի համադասարանցի Գագիկը։

Տիգրանը տանկիստ էր, ընկերուհու՝ Աննայի խոսքով, շատ էր սիրում իր տանկը ու խնամքով էր վերաբերվում։ Նույնիսկ անվանակոչել էր սիրելի զինտեխնիկան՝ Եղնիկ անունով․ «Իր  տանկից շատ էր խոսում, երբ զրուցում  էինք, ասում էր՝ տանկիս փոշին եմ մաքրում, որ մաքուր լինի։ Նույնիսկ որոշել էր ներկել, որ սիրուն երևա, ասում էր՝ տանկ չի, եղնիկ է։  Կռվի դաշտում իր վերջին խոսքերից էր՝ ավելի լավ է զոհվեմ, քան տանկս խփված տեսնեմ»։

Աննան՝ իր ու Տիգրանի համատեղ երազնաքներից է պատմում․ զորացրվելուց հետո շատ ծրագրեր ունեին․ «Ասում էր՝ գա աշխատի, հետո միասին կգնանք Երևան՝ սովորելու։ Ընդունվել էր ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա։ Միասին պետք է սովորեինք, աշխատեինք հետո նշանվեինք։ Տիկոն, նույնիսկ մեր տղաների անուններն էր որոշել՝ Աշոտ ու Արտյոմ, իսկ աղջկա անվան ընտրությունը թողել էր ինձ»,-հիշում է Աննան։

Հերոս տանկիստը հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը, կրթօջախի տնօրեն Նառա Պապյանը նշում է, որ Տիգրանի մատնահետքերը  դրոշմված է դպրոցի պատերին․ «Տիգրանը դպրոցի ամեն անկյունում մատնահետք ունի թողած, նաև դպրոցի նորոգման աշխատանքներին էր մասնակցել, մյուս աշակերտների հետ՝ նոր շունչ են տվել կրթօջախին։  Դպրոցում ուզում  ենք ունենալ անկյուն՝ նվիրված Տիգրանին։  Այդ անկյունը պետք է չլինի ծվարած մի տարածք, պետք է լինի լուսավոր, վառ՝ Տիգրանի նման։ Ուզում եմ, որ փոքր սերունդները դեմքով ճանաչեն ու հպարտանան  նրանով,  որ իմանան այդ անվան տակ շատ  հերոսներ կան, որոնք ամեն մեկը յուրովի իրենց դպրոցն են շենացրել և իրենց մատնահետքերը թողել այնտեղ»։

Հետգրություն.  Տիգրանն իմ դասընկերն էր, մեր չորսհոգանոց դասարանի գլխավոր հերոսը։ Մի թաղամասում էինք ապրում։ Առանց պայմանավորվելու ամեն առավոտ՝  8.50 րոպե հանդիպում էինք մեր խաչմերուկում, միասին արագ-արագ բարձրանում դպրոց։ Գյուղի ճանապարհներն ասֆալտապատ չէին, անձրևային օրերին ես  ցեխոտվում էի, ինքը՝ չէ։  Ռազմագիտության դասաժամին միշտ իրար հետ մրցում էինք՝ ով ավելի լավ կկրակեր․ նա միշտ առաջինն էր։ Տիգրանը  նվիրվում էր ամենքին ու ամենին, սիրում էր անմնացորդ, հավատում մինչև վերջ։ Տիգրանն իմ անհոգ մանկության, կենսախինդ պատանեկության համագումարն է, ով կյանքի երկրորդ տասնամյակում հեռացավ մեզանից ու անմահացավ որպես հայրենիքի հերոս, այնպիսին, ինչպիսին փոքր դպրոցոմ էր, մեր տաքուկ գյուղում ու յուրաքանչյուրիս հիշողությունում։            

                              

Լիա Ավագյան

3-րդ կուրս

Կիսվել