ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՏՈՆԵԼՈՒ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՏՈՆԵԼՈՒ Է ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

2278

Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը, հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է, այն շարժական տոն է: Նշվում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը:  Զատկին նախորդում է յոթ շաբաթ տևող Մեծ Պահքի շրջանը: Իսկ Զատկի գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ Շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի:

«Սեղանի հետ կապված ավանդույթները առավելաբար ժողովրդական են: Սովորաբար տոնական սեղանին դրվում է ձուկ, կարմիր ներկված հավկիթներ, չամիչով փլավ, տապակած կանաչի և կարմիր գինի»- մեզ հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանա Տեր Կարապետ Ղարիբյանը:

Նա հավելեց նաև, որ Հայաստանի տարբեր շրջաններում տարբեր են սեղանի հետ կապված ավանդույթները: Զատկի սեղանին դրվող ամեն ինչն իր խորհուրդն ունի` ձուկը քրիստոնյաների խորհրդանիշներից է դեռ առաքյալների շրջանից: Ձուն խորհրդանշում է աշխարհը, որը Քրիստոսը ծածկեց իր արյունով: Գինին նույնպես Քրիստոսի արյան խորհուրդն ունի: Չամչով փլավը` չամիչը քրիստոնյաներն են, իսկ բրինձը մնացած մարդիք:

Քահանան նաև նշեց. «Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից յուրաքանչյուրի հաջորդ օրը սահմանված է գերեզման այցելելու համար, Զատկին նույնպես գերեզման պետք է այցելել միայն հաջորդ օրը»:

Ըստ ազգագրագետ, նկարչուհի, ՀՀ վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանի Զատկի սեղանը պետք է լինի հայկական ոգով պատրաստված: Կարևոր ուտեստներից են չամչով փլավը, ձուկը, գաթան և տարբեր կանաչիներից պատրաստված ճաշատեսակներն ու աղցանները, ինչպես նաև բնական կարմիր ներկով ներկված հավկիթները: Սեղանին նաև ցանկալի է լինի Չամչարակի (չրերից պատրաստված կոմպոտ):

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Զատիկը տոնելու է Ապրիլի 16-ին: Այդ օրերին քրիստոնյաները միմյանց ողջունում են`

«Քրիստոս հարյավ ի մեռելոց» խոսքերով, որին հաջորդում է` «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը:

 

Օվսաննա Աբդունարյան

3-րդ կուրս

 

Կիսվել