Երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան ամբողջ լրահոսը գրում էր Արցախում թշնամու կողմից վերսկսված պատերազմի մասին, Դիլիջանի Հաղարծին համայնքի բնակիչ Արփի Թամրազյանի հայրն առանց ժամանակ կորցնելու մեկնեց պայմանագրային զինծառայող եղբոր մոտ՝ մեծ հույս ունենալով, որ կարողանալու է օգտակար լինել հայրենիքին։ Հոր, եղբոր սահմանին լինելու հանգամանքն Արփիի մոտ եղավ այն կայծը, որ պիտի ինքն էլ օգտակար լինի իր երկրին։
–Առանց երկար մտածելու, բոլոր ռեսուրսներս հավաքելով՝ փորձել եմ օգնել այնքան, որքան ստացվել է։ Սա ավելի շատ սեփական ռեսուրսներովդ, անձովդ օգտակար լինել է, քան կամավորություն։ Այսինքն՝ հայրենիքը չի պահանջում դժվար պահերին կամավոր լինել, ուզում է, որ միշտ իրեն օգտակար ու սրտացավ լինես,- ասում է Արփին։
Արփիի խոսքերով՝ հիմնական աշխատանքները եղել են աշխատանքի համակարգումից սկսած մինչև տարբեր անհրաժեշտ իրերի ստացում, տեսակավորում, Արցախից տեղափոխված ընտանիքների հավաքագրում, անհրաժեշտ ապրանքների մատակարարում և այլն։
– Առաջին օրերին հիմնական թերացումները կապված էին ոչ լավ կազմակերպված աշխատանքների, նաև մարդկանց՝ տարվող աշխատանքների մասին անիրազեկ լինելու հետ։ Այժմ թիմը կարիք ունի նոր անձանց ներգրավվելու, քանի որ իրականացվող աշխատանքն օր-օրի ավելի շատ և կարևոր է դառնում։ Կռվող զինվորն անգամ մեկ ամիս շարունակ պատերազմի դաշտում լինելուց հետո փոխարինվում է, այստեղ ևս համալրումներ, փոխարինումներ են անհրաժեշտ։
Ինչ֊-որ կերպ այս օրերին օգտակար լինելն օգնում է շարունակել հաղթողի տրամադրվածությունը պահպանել և չընկճվել՝ ասում է Արփին:
–Երբ տեսնում ես՝ ինչպես է դժվար քայլող պապիկն անգամ գալիս, որ օգտակար լինի թեկուզ թիկունքի աշխատանքներում, գիտակցում ես, որ իրենց կողքին քո արածն անհամեմատ քիչ է։ Երբ շաբաթից շաբաթ ձգվող եղբորս զանգից հետո իմանում ենք, որ իրենց էլ է օգտակար մեր աշխատանքը, էլ ավելի մեծ նվիրումով ենք մեր գործը փորձում անել։
Երբ դիլիջանաբնակ ապագա մանկավարժ Ասյա Սարգսյանին առաջարկեցին միանալ կամավորների թիմին, նա մեծ սիրով համաձայնվեց, և առաջին իսկ օրից միասին աշխատում են:
–Քանի որ օր օրի աճում է Դիլիջան եկողների թվաքանակը, միանշանակ ավելանում է նաև ռեսուրսների պահանջարկը, սակայն փորձում ենք հասցնել և փաստի առջև չկանգնել: Մեր կամավորական խումբը փորձում է ամեն կերպ օգտակար լինել հայրենակիցներին: Սահմանը ամուր պահողը նաև թիկունքն է, և մենք հնարավորինս պատրաստակամ ենք մեր ուժերի չափով պահել այն, – ասում է Ասյան:
Նրա խոսքերով՝ Դիլիջան եկած մարդիկ վախվորած են, նյարդային, անհանգիստ, հոգեբանորեն ճնշված, ինչն այս իրավիճակում բնական է:
–Առնչվում ենք 1300-ից ավելի արցախցու հետ, ամեն մեկը յուրովի է տրամադրված, և տարբեր են մոտեցումները: Համենայն դեպս բոլորը գոհ են և շնորհակալ: Ես մի անգամ էլ համոզվեցի, թե ինչքան միասնական կարող ենք դառնալ հայրենիքի բարօրության համար, հասկացա, թե ինչքան կարևոր է ապրել դիմացինի ցավը, օգնել կարիքավորին: Ամենակարևորը այն է, որ մենք այս ամենը չենք անում ստիպողաբար, այլ անում ենք սրտով, քանի որ մեկս մեկով ենք:
Այսպիսին է տրամադրվածությունը Դիլիջանում, որն էլ շարունակում է մինչ օրս, և մեր հերոսների նման նոր մարդկանց նոր մոտիվացիա փոխանցում` թիկունքը ավելի ամուր պահելու:
Անի Վաթինյան
4-րդ կուրս