«Տիգրաններ կծնվեն հաստատ, բայց իր Տիգրանը պիտի գա…»

«Տիգրաններ կծնվեն հաստատ, բայց իր Տիգրանը պիտի գա…»

1997

«Տիգրանով կյանքը սկսվեց և շարունակվում է»։

Հենց այս նախադասությամբ  սկսեց եղբոր մասին խոսել Տիգրանի քույրը` Նազենի Սահակյանը: Տիգրանը տան կրտսերն էր, զորակոչվեց բանակ 2020 թ. օգոստոսի 13-ին: Մեծ ոգևորությամբ ու բարձր տրամադրությամբ ընտանիքը նրան ճանապարհեց Էջմիածնի զինկոմիսարիատ, և զինկոմիսարիատի դիմաց` Տիգրան Մեծի արձանի հարևանությամբ, երգեց Մոնթեի երգը ու ժպիտը դեմքին հասակակից տղաների հետ մեկնեց զինվորական ծառայության: Քույրը պատմեց, որ պատերազմը սկսվելուց հետո ամեն օր խոսել են Տիգրանի հետ, ասում էր  ինքը լավ է, տեղը` հանգիստ. «Ամսի 29-ը, թե 30-ն էր, զանգեց, ասեց՝ առաջ ենք գնում, ամսի 2-ին՝ գիշերը ժամը 22:30-ին մոտ զանգեց, ասեց՝ լավ է, ամեն ինչ լավ է: Մենք չկարողացանք ոչ մի բան խոսել, շտապում էր, ոնց որ քայլեր կամ վազեր:  Վերջին բառերը, որ լսել ենք, ասեց՝ լավ մնացեք, արխային ցավներդ տանեմ: Հետո մեծ եղբայրս ասում էր, մեզ հաջող արեց, մենք չհասկացանք  ու այդ գիշեր ոչ մեկս չկարողացանք քնել»:

Իրենց տարածաշրջանից իր զինակից ընկերոջ խոսքով` դեպքը եղել է Թալիշում, հոկտեմբերի 3-ի առավոտյան: Սակայն ընտանիքը իմացել է հոկտեմբերի  6-ին, պատահաբար զանգահարելով պաշտապնության  նախարարության թեժ գիծ` Տիգրանի  զոհված հրամանատարի տեղը իմանալու նպատակով. «Նախարարությունից մեզ ասեցին հրամանատարի մասին տեղեկություն չունեն, ասեցինք մեր տղայից հարցնենք, մենք մտածում էինք կապ չկա, դրա համար չի զանգում, երբեք վատ բան չի անցել մտքներովս։ Մեծ եղբայրս բարձրախոսով էր խոսում, կողքին ես ու հայրս էինք,  ասեցին՝ կներեք,  զոհվածների ցուցակում է» , պատմում էր քույրը: Նազենիի խոսքով՝ այդ  օրվանից եղբոր հետ Տիգրանին փնտրել են հիվանդանոցներում. «Աստծուն խնդրում էի, որ թող ամենավատ վիճակով հիվանդանոցում գտնենք,  թող 1- 2 տարի կոմայի մեջ լինի, թող հաշմանդամ լինի, բայց շնչի, մենակ սիրտը աշխատի, ու էդքանից հետո…»։ Տիգրանի հայրը հոկտեմբերի 12-ին գտավ Տիգրանին,  ասում էր՝ միանգամից ճանաչեցի, որ իմ տղան է։ «Էդպիսի զինվոր չկա, էդ կարգի կոկիկ ու մաքուր, ու տեսնելուն պես հասկացա` տղաս է»,- պատմում էր Տիգրանի հայրը:

Տիգրանը հաճախել է Վարդանաշենի միջնակարգ դպրոցը, դպրոցական տարիներին զուգահեռ զբաղվում է սպորտով և ուներ զգալի նվաճումներ, սակայն Տիգրանի մայրիկի` Նարինեի խոսքով` սպորտն իրենը չէր: Տիգրանն արվեստի մարդ էր, և իրեն համապատասխան էր բեմում ելույթ ունենալը և բոլորի քաղցր ու ջերմ խոսքերին ու ծափահարություններին արժանանալը. «Տիգրանը 15 տարեկան էր, որ ընտրեց իր մասնագիտությունը, և գնաց դեպի իր երազանքը: Մոտ 3 տարի համառ ու դժվար ճանապարհ անցնելով` իր ուժերով ընդունվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` ժողորդական երգեցողություն բաժինը: Իր երազանքներն ու նպատակները կապված էին իր մասնագիտության հետ։ Եթե մի օր չերգեր, սիրտը կկանգներ, տեղը չէր գտնում, հարցնում էինք,  բա բանակում ո՞նց ես անելու, ասում էր, ա՜, 2 տարի երգելով հավեսով կծառայեմ, կգամ, ու այդ 51 օրն էլ այդպես ծառայեց»: Ըստ մայրիկի`  ամեն ինչ, որ Տիգրանը սկսում էր անել, շատ հանգիստ էր անում, մտածված: Բացի երգից, նա շատ հետաքրքրված էր բնությամբ, փոքրիկ այգի ունի տան բակում, իր ձեռքերով էր ծառերը տնկել.  «Ասում էր` գնամ բանակ, գամ, մեծ այգի եմ հիմնելու և այգում տարբեր կենդանիներ պահեմ: Հա, ու 3 հարկանի մեծ տուն եմ կառուցելու, պարսպապատելու, որ միշտ Արարատին նայի, և բոլոր կողմերից իմ տունը երևա, որ ասեն` երգիչ Տիկոյի տունն է» , այսպես է հիշում մայրը Տիգրանի երազանքների մասին, որոնք այդպես էլ կիսատ մնացին:

Տիգրանի մեծ եղբայրը` Ազատը, ով ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է եղել, շատ կարճ խոսեց հերոս եղբոր մասին. «Որ միասին տանը կամ բակում գործ պիտի անեինք, Տիգրանը ասում էր, հերիք չի՞, ես ժամանակ չունեմ, պիտի բանակ գնամ, թողեք գնամ, դաս անեմ։ Իսկ որ դաս էր անում, ոչ ոք չպիտի տանը լիներ… »:

Տիգրանը եղել է Էջմիածնի «Կոմիտասի անվան մշակույթի պալատի» սան: Տնօրեն Ալվինա Համբարձումյանը նշեց, որ Տիգրանը աչքի էր ընկնում իր բացառիկ հայրենասիրությամբ ու համեստությամբ. «Սիրում էր երգել միայն հայրենասիրական երգեր: «Հայեր միացեք» երգը Տիգրանի` Էջմիածնում կազմակերպած Նոր տարվան նվիրված վերջին անգամ կատարած երգն էր: Գիշերը 01:30- նն էր երևի, երբ  ծրագրով Տիգրանի հերթն էր: Նա խրոխտ բեմ բարձրացավ, երգեց երգի մի տունը և անհասկանալի պատճառներով երաժշտությունն ընդհատվեց, նշեմն որ տեխնիկական որևէ խնդիր մենք չբացահայտեցինք: Հենց այդպես էլ անսպասելի ընդհատվեց Տիգրանի կյանքը, ով հերոսացավ այն մարտում, ուր Արցախն էր կանչում»․ եզրափակեց տնօրենը:

Դասընկերները Տիգրանին հիշում են որպես համեստ, կոկիկ ու հայրենասեր պատանու։ Ըստ դասընկերուհի Շուշանի` Տիգրանի մոտ հայրենիքի հանդեպ սերն անսահման էր և չնկատել ուղղակի, հնարավոր չէր. «Պատմության դասերն ամենից շատ հենց իրեն էին հետաքրքրում, շատ հարցեր ուներ, ցավում էր կորուստների համար և հպարտանում էր հայի տեսակով, մեր հերոսներով, Մոնթեով: Երգել էլ, երգերը հայրենասիրական էին: Մենք ընդհամենը 19 տարեկան ենք, բայց մեր շարքերում արդեն հերոս ունենք և հիմա ավելի քան երբևէ հպարտանում ենք իրենով»,- եզրափակեց նա: Իսկ դասընկեր և իր մոտ ընկերներից Հայկը նշեց, որ Տիգրանն ընկերությանը նվիրված էր, բայց դժվար էր Տիգրանի համար ընկեր լինելը. «Տիկոն փակ տղա էր, բայց շատ առատաձեռն: Միշտ տարբերվել ա իր մտածելակերպով: Դե, մենք տենց դաս չէինք պատմում, բայց մի օր թեման Տիգրան Մեծն էր, Տիկոն անգիր արած եկել էր, ու բոլորիս զարմացրել էր իր ոգևորված պատմելը, որովհետև հպարտ էր, որ իր անունն էլ ա Տիգրան: Ուղղակի իր հետ շփվելիս հայրենասիրությունդ բարձրանում էր»:

Ընտանիքին շատ հարազատ Արմինեն, ով նաև Նազենիի և Տիգրանի ընդհանուր ընկերներից է, պատմեց, որ Տիգրանը շատ աչքի ընկնող ու երևացող տղա էր, ու մի դրվագ հիշեց, երբ նրանք Տիգրանի հետ գտնվում էին Սևանում . «Հիշում եմ, որ երբ Սևանում էինք,  պատահական նկատեցինք դերասան Խորեն Լևոնյանին, և բոլորը շատ էին ցանկանում մոտենալ, շփվել ու լուսանկարվել  իր հետ, բացի Տիգրանից։ Երբ Խորենը դուրս եկավ, անմիջապես Տիգրանին նկատեց, մի քանիսի հետ նկարվեց ու մոտեցավ Տիգրանին, ու նրանք առանձնացան իրար հետ ու երկար զրուցել էին  արվեստից, բանակից ու կյանքից»:

Վարդանաշենի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Նելլի Հայրապետյանը, ով նաև եղել է Տիգրանի դասղեկը, մտաբերեց, որ 2016 թ․ ապրիլյան պատերազմին նվիրված միջոցառման հրավիրվածներից էր նաև Տիգրանի եղբայրը՝ Ազատը, իսկՏիգրանը միջոցառմանը մասնակցել էր  եղբոր զինվորական համազգեստով. «Տիգրանը Մոնթեի տեսակով, կերպարով շատ հետաքրքրված էր։ Հաճախ այցելում էր Եռաբլուր՝ Մոնթեի հետ զրուցելու, եռագույնն էլ՝ ուսերին գցած, հպարտորեն։ Օգոստոսին 13-ին  եկավ տուն` ինձ հրաժեշտ տալու, ճակատը համբուրեցի և մայրաբար օրհնեցի: Խոստացավ վերադառնալ իր պարտքը հայրենիքին տալուց հետո: Գնաց Տիգրանը, գնաց ու բարձր ձայնով երդվեց անձնվիրաբար ծառայել հայրենիքին»:

Տիգրանի քույրը, դեպքը պատահելուն պես չէր հավատացել, անգամ երազում նրան էր փնտրում, իր խոսքով`ում հարցնում էի, ասում էին` զոհվել է, բայց մեկ է` չէր հավատում. «Եթե հավատամ, ուրեմն կգժվեմ, իսկ մինչև էդ ամսի 12-ին, որ հայրս ասեց, այդ գիշեր մինչև ասելը երազումս Տիգրանն ասում էր, որ  չեմ կարողանում զանգել, բայց կզանգեմ, ես սպասելու եմ այդ զանգին: Տիգրանը չի գնացել, Տիգրանին չեն տարել, Տիգրանը գալու է, ես սպասելու եմ, մի օր տանը դուռը կբացվի, իմ Տիգրանը, իմ ախպեր, իմ տանը լույսը տուն կմտնի, ինչպես 10 օր շարունակ ես իմ եղբորը ողջերի մեջ եմ փնտրել,  հույսով, որ պիտի գտնեմ, այնպես էլ հիմա հույսով  սպասելու եմ այդ օրվան»: Նազենին հավելեց, որ Տիգրաններ կծնվեն հաստատ, բայց իր Տիգրանը պիտի գա։ Հավերժ սպասելու է:  Դաշնամուրն էլ իրենն է, գնալուց առաջ տանեցիներին ասել էր` հանկարծ չտեղաշարարժեն, հիմա այդ հատվածը հատկացված է հենց Տիգրանին:

Օֆելյա Պողոսյան

4-րդ կուրս

Կիսվել