Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի փողոցներից մեկը դարձել է երկրորդ տուն 3 ընկերների համար։ Նրանք պատերազմի մասին լսելուն պես անցել են աշխատանքի։ 9-ամյա Ալեքս Պետրոսյանը, 10-ամյա Աշոտ Աբովյանը և 14-ամյա Մհեր Գոգինյանն իրենց ձեռքի աշխատանքները վաճառում և հասույթը փոխանցում են համահայկական հիմնադրամին։ Ալեքսն իր պատրաստած փայտից խաչերն ու Աստվածաշնչերն է վաճառում, իսկ Մհերն ու Աշոտը՝ իրենց նկարները։ Վաճառելուն պես տեղը լրացնում են նորերով։ Ոչ ոք չի օգնել, պատրաստել են ինքնուրույն։ Ուզում են ինչ-որ կերպ օգտակար լինել բանակին ու հայ զինվորին։
Հարցիս, թե ցանկանո՞ւմ են արդյոք իրենք էլ ծառայել հայոց բանակում, Աշոտը պատասխանեց. «Հա, բա ոնց, ուզըմ ենք, մենակ թե շուտ ըլի, որովհետև մինչև մեր բանակ գնալու վախտը գա, կարողա թուրքերն էլ ըլին ոչ, իսկ մենք ուզըմ ենք, որ մենք էլ կռվինք»։ Մհերը նշեց, որ իր եղբայրն էլ է կռվում առաջնագծում և հավելեց. «Ես էլ եմ ուզըմ գնամ, ուղղակի մամես թողըմ չի»։ Տղաները նշեցին, որ վստահ են՝ իրենց մի փոքր ներդրումն անգամ մեծ օգնություն է Արցախին։ «Ես էս գործը շատ հավեսով եմ անըմ»,- ասաց Ալեքսը։
Երեխաներին ոգևորություն է պատճառում այն, որ գործն ունի իր արդյունքը։ Արդեն մի կլորիկ գումար փոխանցել են հիմնադրամին։ Ասում են, որ չնայած իրեց փոքր տարիքին՝ թիկունքն ամուր են պահում։ Պատրաստվում են գործը շարունակել մինչև պատերազմի ավարտը։ Վստահ են՝ հաղթանակը չի ուշանա։
Արփինե Բեջանյան
2-րդ կուրս