Շուրջ 15 տարի տևած լռությունից հետո աշխարհահռչակ Sytem Of A Down ռոք խումբը երկու նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախյան գոյամարտին: Այս մասին տեղեկանում ենք System Of A Down խմբի ինստագրամյան և ֆեյսբուքյան էջերից, ինչպես նաև խմբի մենակատար Սերժ Թանկայնի Ֆեյսբուքից, որտեղ Թանկյանը ներկայացրել է երգերի անունները և դրանց ստեղծման պատճառը:

«Մենք, որպես System Of A Down, 15 տարվա ընթացքում առաջին անգամ նոր երաժշտություն ենք թողարկել: Դա անելու ժամանակը հիմա է, քանի որ միասին՝ չորսով, չափազանց կարեւոր բան ունենք ասելու՝ որպես միասնական ձայն: Այս երկու երգերը՝ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին»,- ասել է Սերժ Թանկյանը:
Նշենք նաև, որ երգերի խոսքերի հեղինակը խմբի կիթառահար և կատարող Դարոն Մալաքյանն է, իսկ «Protect The Land» եւ «Genocidal Humanoidz» երգերը կարելի է գնել այս հղումով, հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Հեղինակ՝ Մարիամ Ղազարյան

Կիսվել