Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր. Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու....

Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր. Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու. Արծրուն Հովհաննիսյան

544

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ արդեն շուրջ երկու օր չեն դադարում մարտերը Շուշիի շրջակայքում: Այսօր և երեկ` անցնող գիշերը, բավականին ծանր ու ինտենսիվ մարտեր էին Շուշիի շրջակա բնակավայրերում, Շուշի տանող ճանապարհների վրա, ինչպես նաև Շուշիի մերձակայքում:

«Եթե 1992 թվականի մայիսի 8-ը հայոց պատմության մեջ նշվել է որպես Շուշիի ազատագրման օր, հայոց պատմության մեջ հավանաբար այս անցնող օրերը կմտնեն որպես Շուշիի պաշտպանության փայլուն օր»,-ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։

Նա նշեց, որ հակառակորդի հետախուզադիվերսիոն առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների, հրոսակախմբերի ոչնչացման «Գյոռբագյոռ» ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է:

«Այսօր մեր հրետանին, մեր հետևակը, մեր այլ ստորաբաժանումներն ուղղակի հրաշքներ են գործել: Թշնամու զորքերից, վարձկաններից և մնացած թափթփուկներից Շուշի տանող ճանապարհների ձորակներում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր դիակներ են մնացել: Առաջիկայում համապատասխան տեսանյութերը, ֆոտոնյութերը կլինեն։ Այս պահին էլ մարտերն ընթանում են, բայց ուժգնությունը զգալիորեն թուլացել է»,-ասաց Հովհաննիսյանը։

ՊՆ ներկայացուցիչը ասաց, որ Շուշի եկող ճանապարհների նոր զորախմբերին ջախջախել են նաև հերոսական քարինտակցիները:

«Ավելի հարավ, ավելի արևելք անտառային զանգվածի, առանձին ճանապարհներով դեպի նորից Շուշի իրենց մնացորդ զորաջոկատներին օգնության եկող ադրբեջանական ստորաբաժանումներին ջախջախել են մյուս գյուղի բնակիչները: Այսօր Շուշիի հերոսական պաշտպանության օրերից էր: Շուշին մերն է, Շուշին չի ընկնելու, և ինչքան էլ որ դրա մասին բաղձա Ալիևը, լցվեք վստահությամբ, հայոց բանակը մինչև վերջ կռվելու է, ու Շուշին չի ընկնելու»,-եզրափակեց Հովհաննիսյանը։

Կիսվել