Լինել չափազանց էմպաթիկ ու ինտրոսպեկտիվ. խորհուրդներ հոգեբանի կողմից

Լինել չափազանց էմպաթիկ ու ինտրոսպեկտիվ. խորհուրդներ հոգեբանի կողմից

781

Պատերազմի այս բարդ օրերին փորձեցինք հասկանալ, թե մարդիկ հոգեբանական ինչ խնդիրների են բախվում, և այն ինչ հետևանք կարող է թողնել մյուսների վրա։ Մեր զրուցակիցն է «Այգ» հոգեբանական կենտրոնի, «Կապան ԲԿ»-ի կլինիկական կենտրոնի հոգեբան և հոգեթերապևտ Էմմա Արզիևան։

-Ի՞նչ հմտություններ պետք է ունենալ վիրավորների, զոհված զինծառայողների հարազատների, ընտանիքների հետ շփվելու համար` առանց նրանց անհանգստություն պատճառելու։

Յուրաքանչյուր դեպքում, երբ գործ ունենք մարդու հետ, ով արտակարգ իրավիճակի մասնակից է եղել, պետք է տիրապետել ակտիվ լսման տեխնիկաներին, որոնց միջոցով հնարավոր կլինի ճիշտ հարցադրումներ կատարել և մեր ոչ վերբալ վարքով օգնել դիմացինին արտահայտվել: Լինել չափազանց էմպաթիկ ու ինտրոսպեկտիվ, այսինքն՝ կարեկցող և ունակ դիմացինի հույզերը ներքնայնացնելու` ավելի լավ հասկանալու համար, կարողանալ նայել աշխարհին դիմացինի «պատուհանից»:

Եթե մարդը ներշնչվող է, ոչ կայուն հուզականությամբ, ցանկալի չէ, որ անմիջական շփում հաստատի վիրավոր զինվորների հետ:

Սթրեսային/խուճապային իրավիճակում վիրավոր զինվորների հետ ի՞նչ հոգեբանական աշխատանք պետք է տարվի։

 Պատերազմի մասնակիցների մոտ կարող է առաջանալ սուր սթրեսային խանգարում և ոչ պատշաճ ուշադրության դեպքում վերածվել հետտրավմատիկ սթրեսային խանգարման, ինչը միանշանակորեն իր ազդեցությունն է թողնում մարդու սոցիալական հարմարման վրա: 

Սակայն, չմոռանանք, որ մարդն օժտված է պաշտպանական մեխանիզմներով, որոնք սթրեսային իրավիճակներում գործի են դրվում և «կապսուլավորում են» բացասական փորձը` հնարավորություն տալով շատ թե քիչ վերականգնվել: Հմուտ հոգեբանի դերն այստեղ՝ կարողանալ հմտորեն «բացել» կապսուլավորված տեղեկատվությունն ու աշխատել վերջինիս հետ, քանի որ բացասական ինֆորմացիան անհետ չի կորում և գիտակցությունից հեռու մնալու համար անընդհատ էներգիա է խլում մարդուց, որը կարող է հանգեցնել դեպրեսիայի, ապատիայի, անգործության, կյանքի իմաստի կորստի:

-Ռմբապաստարաններում տևական ժամանակ գտնվող և ռումբերի պայթյունների տակ օրերով մնացած երեխաներին ի՞նչ հոգեբանական օգնություն ցուցաբերել, ի՞նչպես հաղթահարել վախը։

-Կիրառական հոգեբանության զինանոցը բավականին հարուստ է տեխնիկաներով, որոնք կարելի է օգտագործել` երեխաների հետ աշխատանքում: Դրանք հիմնականում արտթերապևտիկ տեխնիկաներն են, հեքիաթաթերապիան, բիբլիոթերապիան, որոնց միջոցով սուբլիմացվում են բացասկան հույզերն ու ապրումները, իջեցվում վախի մակարդակը:

-Արցախից եկած երեխաներն այս օրերին թե՛ հասարակ մարդկանց, թե՛ լրատվամիջոցների կողմից մեծ ուշադրության են արժանացել, արդյո՞ք դա կազդի երեխաների հոգեբանական վիճակի վրա:

Կախված է երեխայի անհատական առանձնահատկություններից ու այն տեղեկատվությունից, որը նա ունի: Հաճախ մենք` մեծերս, մտածում ենք, որ «դե երեխա է, բան չի հասկանում», բայց երեխաները հասկանում ու ընկալում են ավելին, քան մենք կարող ենք պատկերացնել: Եթե մենք փորձենք հերքել եղելությունը, ասենք, որ ոչինչ էլ չկա, ոչ մի բան էլ չի փոխվել, հեսա ձեր տուն եք գնալու, բնականաբար, երեխայի մոտ կարող է տագնապ ու վախ առաջանալ, քանի որ նա փաստացի տեսնում և զգում է, որ ամեն բան փոխվել է, իսկ մենք կարծես հակառակն ենք պնդում` առաջացնելով ներքին դիսոնանս: Նա կարող է անվստահորեն վերաբերվել մեզ ու նույնիսկ կոնտակտի դուրս չգալ:

Եթե ուշադրությունը գրագետ է կազմակերպված, հանված են խղճահարության նոտաները, կեղծիքը, ոչ դիտավորյալ սուտը, ապա այն միայն դրական ազդեցություն կունենա երեխաների վրա:

-Ի՞նչ եք կարծում, երբ հեռուստաեթերից  այս օրերին հանել են այլ թեմաներին վերաբերվող նյութերը, դա ինչպե՞ս կարող է անդրադառնալ մարդկանց հոգեբանության վրա։

Ցանկացած դեպքում պետք է պահել տեղեկատվական հիգիենա: Բնականաբար, եթե ամբողջ օրը ոչնչով չզբաղվենք ու ընկնենք նորությունների հոսքի մեջ, կունենանք տրամադրության լուրջ տատանումներ, ախորժակի աղավաղումներ, պեսիմիզմ կամ հակառակը` էյֆորիկ վիճակ, որը վստահաբար կազդի մեր ադապտացիոն մեխանիզմների վրա, կունենանք հուզական այրում:

Օրվա մեջ պետք է ունենալ ժամեր, երբ մենք ուղղակիորեն չենք հետևի լուրերին, կզբաղվենք ինքնախնամքով, մեզ հաճույք պատճառող գործողություններով. դա կարող է լինել քայլքը մաքուր օդում, գիրք կարդալը, երեխաների հետ շփվելը, կենդանիներին կերակրելը և այլն: Շատ կարևոր է, որ գոնե այդ րոպեներին մենք աուտենտիկ լինենք ինքներս մեզ հետ և իսկապես կտրվենք օնլայն հարթակից:

Խորհուրդ չի տրվում նաև երեկոյան ժամերին կարդալ նորությունները, քանի որ դա ուղղակիորեն կարող է ազդել մեր քնի որակի ու հաջորդ օրվա արդյունավետության վրա:

Հարցազրույցի վերջում հոգեբան Էմման բոլորին մաղթեց խաղաղություն և ներքին նեդաշնակություն։

Անի Սարգսյան

4-րդ կուրս

Կիսվել