Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ԱՀ ՊՆ ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը ասաց, որ վերջին երեք-չորս օրերի ընթացքում հակառակորդը հիմնական ջանքերը կենտրոնացրել է Շուշիի ուղղությամբ։
«Այդ ժամանակահատվածում ընթացել են համառ մարտեր, ՊԲ ստորաբաժանումները վճռականորեն պաշտպանել եւ պաշտպանում են մեր ինքնության, Արցախի խորհրդանիշներից մեկը՝ բերդաքաղաք Շուշին, եւ վճռականորեն տրամադրված են՝ պատվով կատարել իրենց խնդիրը։ Օրվա ընթացքում հակառակորդը կրկին գրոհներ է ձեռնարկել Շուշիի ուղղությամբ, գրոհող խմբավորումները հայտնաբերվել եւ ենթարկվել են կրակային ներգործության ու կրել մեծ կորուստներ։ Հակառակորդը մարտական գործողություններ ձեռնարկել է նաեւ ռազմաճակատի մյուս հատվածներում։ Յուրային զորքերը որոշ հատվածներում զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր»,-ընդգծեց ԱՀ ՊՆ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում տարբեր ուղղություններում ոչնչացվել է թշնամական ուժերին պատկանող մեկ տանկ, չորս ավտոտեխնիկա, ութ ԱԹՍ։ Հարավարեւմտյան հատվածում ընթացող գործողությունների արդյունքում բանակային ստորաբաժանումներին հաջողվել է որպես ռազմավար վերցնել հակառակորդի մեկ տանկ եւ հրետանային միջոցներ։
«Ներկայում Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ Կա մի նրբություն․ մարտական գործողությունների տրամաբանությունը ենթադրում է գործողությունների զարգացում, որոշակի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում այդ գործողությունները։ Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ արդեն ավարտվել են»,-ասաց Սարումյանը։
Սուրեն Սարումյանը՝ ի պատասխան Շուշիում դրոշ բարձրացնելու տեսանյութի իսկության մասին հարցին նկատեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր եւ դա կատարելու համար պատրաստ է հաշվի չնստել որեւէ կորստի ու գնի հետ։
«Վստահեցնում եմ՝ ցանկացած պարագայում հնարավոր է՝ մի դիվերսիոն-հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որեւէ բնակավայր եւ մեկ-երկու րոպեով դրոշակ բարձրացնել՝ գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինն այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդկերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին»։
ԱՀ ՊՆ ներկայացուցիչը պարզաբանեց նաև, որ մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիության որոշակի նկատառումներ, այդ իսկ պատճառով երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին։
«Մարտական գործողությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ ադրբեջանական կողմը կարողացել է ներթափանցել որոշ ուղղություններում Արցախի բուն տարածք։ Այն հատվածներում, որոնք համարվում են անվտանգության գոտի, մեր նահանջը պայմանավորված է եղել մարտավարական նկատառումներով, այսինքն՝ երբ գործ ունենք հարթավայրային տարածքի հետ, իսկ ավելի նպաստավոր բնագծեր կարելի է զբաղեցնել բարձունքներում, ավելի նպատակահարմար է կատարել խուսավարում եւ զբաղեցնել այդ բարձունքները՝ հակառակորդի գործողություններին առավել արդյունավետ հակազդելու եւ խոցելու համար։ Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո․ վստահեցնում եմ, որ հաղթանակը մերն է լինելու»,-նշեց Սուրեն Սարումյանը։