ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ

ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ԳՐԱՆՑԵԼ

1446

Ավարտվեց սուսերամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունը, որը տեղի էր ունենում Բուլղարիայում: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, հավաքական թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Մադոյանը Sputnik Armenia մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ամփոփեց այս տարվա  արդյունքները: Պարոն Մադոյանը նշեց, որ առաջնությանը Հայաստանի հավաքական թիմը պատանիների անվանակարգում 2 և երիտասարդների անվանակարգում ներկայացրեց 4 մասնակցի:

Այս տարի մեր երկիրը, ի տարբերություն նախորդ տարիների, գրանցեց շատ  բարձր արդյունք: Էմմա Պողոսովան խոցասուսեր ձևում, որում մասնակցում էին 154 մասնակից ավելի քան 80 երկրից, կարողացավ հայտնվել լավագույն քառյակում: Նա պարտվեց միայն վերջին մենամարտում, ԱՄՆ ներկայացնող մարզուհուն: Պողոսովայի խոսքով` իր ցուցաբերած արդյունքը գոհացուցիչ է, սակայն ցանկալի կլիներ վերջապես  հայրենիք բերել բաղձալի մեդալը: Նշենք, որ սուսերամարտ սպորտաձևում Հայաստանը իր անկախ պատմության մեջ դեռ մեդալներ չի կարողացել նվաճել: Մարզուհին իր վերջին պարտության պատճառր համարում է հոգնածությունն ու ավելի փորձառու հակառակորդ ունենալու գործոնները: Նա նաև նշեց, որ իր բոլոր մենամարտերում գործ է ունեցել շատ ուժեղ և պատրաստված հակառակորդների հետ, և իր գրանցած արդյունքից գոհ է:

Խոսելով հետագա անելիքների և սպասվելիք մրցումների մասին` պարոն Մադոյանը նշեց, որ առաջիկայում սուսերամարտի Հայաստանի հավաքականը մեկնելու է Մինսկ` մասնակցելու ապրիլի 21-25-ը կայացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:

Խոցասուսեր ձևում հանդես են գալու Էմմա Պողոսովան ու Էդուարդ Օվիկյանը, իսկ ճկասուսերում՝ Մայքլ Հովհաննիսյանը:

Մայիսին մեր հավաքականը կմասնակցի նաև Թբիլիսիում տեղի ունեցող մեծահասակների աշխարհի առաջնությանը, որտեղ մենք կներկայացնենք ավելի մեծ թվով մասնակիցների:

Իսկ արդեն մյուս տարի առաջնությունը կկայանա Երևանում` Դինամո մարզադաշտում: «Միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները եղել են մեզ մոտ ու ծանոթացել են պայմաններին: Նախատեսում ենք առաջնությունն անցկացնել «Դինամոյում», եթե այն հավանության չարժանանա, կտեղափոխենք մարզահամերգային համալիր: Մինչև սեպտեմբեր ամիսը այդ հարցում արդեն հստակություն կլինի»,- ասաց Մադոյանը: Նա խոստովանեց, որ սպասելիքները հայ սուսերամարտիկներից մեծ են լինելու, ակնկալում են գոնե մեկ մեդալ նվաճել երևանյան ԵԱ-ում. «Դեռ մեկ տարի ժամանակ ունենք, այդ ընթացքում շեշտը դնելու ենք այն մարզիկների վրա, որոնցից ակնկալիքներ ունենք»:

 

Մարինե Կիրակոսյան

4-րդ կուրս

Կիսվել