ՍՈՒ՞Տ ԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ

ՍՈՒ՞Տ ԹԵ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ

1893

Յուրաքանչյուրս կյանքում գոնե մեկ անգամ ստել ենք։ Բայց մարդկանց մի տեսակ կա, որոնք միշտ ստում են, անկախ ամեն ինչից և անկախ ստի առարկայից։

23-ամյա Արմինե Բադալյանի խոսքով բոլորս էլ ստում ենք, սակայն լինում են իրավիճակներ, երբ սուտը ընկալվում է որպես հարգանքի դրսևորում։

«Այն ուղղված է դիմացինին ցավ չպատճառելուն, հետևաբար մենք գնահատում ենք դիմացինին, այնպես որ սուտ ասվածը ոչ բոլոր կողմերից է բացասական»-ասաց Արմինեն։

Որոշ մասնագետներ պնդում են, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը օրական առնվազն 1-2 անգամ ստում են։

Շատ մարդիկ խաբում են ոչ միայն ուրիշներին, այլև՝ իրենց։

Հետազոտությունները ցույց են տվել, որ օրինակ, եթե ուսանողները խաբեությամբ պատասխաններ են ստանում թեստային առաջադրանքների համար և դրա շնորհիվ լավ գնահատականներ են ստանում, սկսում են գերագնահատել իրենց կարողությունները, չնայած հիշում են, որ պատասխաններն անազնիվ եղանակով են ստացել։

25-ամյա Մանեի կարծիքով հնարավոր է նվազեցնել մեր կյանքում ստելու քանակը։

«Աշխատում եմ հնարավորինս քիչ ստել։ Օրվա ընթացքում լինում են պահեր, երբ ստացվում է, որ փոքրիկ ստեր են լինում, բայց դրանք նվազեցնելու համար ինքս ինձ վրա աշխատում եմ»-ասաց Մանեն։

Իսկ 20-ամյա Էլինա Աղայանի խոսքով իր մոտ անմտածված ստերի շարան է։

«Ամենաանհավանական ու չհաշվարկված ստեր եմ խոսում, որոնց համար հետո զղջում եմ, սակայն շարունակումեմ դա կրկնել ամեն րոպե»-ասաց Էլինան։
Հոգեբան Սաթեն Գրիգորյանը կարծում է, որ սուտը նաև պաշտպանողական ռեակցիա է:
«Ամենից հաճախ ստում են այն մարդիկ, ովքեր թաքցնելու բան ունեն։ Ստում են նաև նրանք, ովքեր սովոր են ապրել իրականի և անիրականի երևակայական աշխարհում, այսինքն՝ մշտապես հորինում են իրողությունները, ստեղծում կամ ավելացնում են նորերը իրենց ասածն առավել ազդեցիկ դարձնելու համար։ Սա, միանշանակորեն, բարդույթ է, որի շարունակական լինելը շրջապատում տվյալ մարդու նկատմամբ անվստահություն և անլրջություն են առաջացնում»,-ասաց հոգեբանը:

Մասնագետները փորձարկում են իրականացրել, որի ընթացքում մասնակիցներից ոմանք ճիշտն էին ասում, իսկ մյուսները խաբում էին։ Ընդ որում, երկուսն էլ երբեմն հայացքը ձախից աջ էին տանում և հակառակը, ինչը հենց այդ՝ «վազող աչքերի» էֆեկտն է ստեղծում, որով իբր հնարավոր է հայտնաբերել ստախոսին։ Ստախոսները դա ավելի հաճախ չէին անում, քան ճշմարտախոս կամավորները, այնպես որ աչքերից անհնար է դատել մարդը խաբում է թե ճիշտ է ասում։

Թերապեվտ Լաուրա Գաբրիելյանի կարծիքով որոշ մարդկանց մոտ ստելը պահի ազդեցության տակ է կատարվում։

«Ավելի հաճախ սուտը ծրագրված է լինում, մարդկանց մեծամասնությունը խաբում է, երբ անհրաժեշտ է արագ որոշում կայացնել և ժամանակ չկա խաբեության հնարավոր հետևանքների մասին մտածելու համար»-ասաց թերապեվտը։

Մասնագետները պնդում են, որ այն  մարդը, ով սուտ է խոսում, դիմացինի աչքերին ուղիղ չի նայում, իսկ նայելու դեպքում էլ՝ շատ քիչ:  Եթե մարդ ստում է, ապա նա մտածում է, որ դու ուսումնասիրում ես նրան ու սկսում է հայացքը ներքև գցել և հետևաբար չնայել աչքերիդ: Շատերը փորձում են դիտավորյալ հայացքը հառել դիմացինի վրա՝ մտածելով, որ այդ կերպ իրենք չեն մատնվի:
Տարօրինակ ժեստերի օգտագործումը կարող է մատնել ստախոսներին, քանի որ նրանք սուտ խոսելու ժամանակ հուզվում են, ջղաձգվում, քիչ են ծիծաղում, արագ կարմրում են, ձայնի ինտոնացիոն փոփոխություններ են լինում և այլն: Նրանք  խաչում են ձեռքերը, որը «փակված» լինելու նշան է կամ ինֆորմացիա փոխանցելու առարկության նշան: Երբեմն մարդիկ ակնհայտորեն են ջղաձգվում կամ հուզվում՝ ընթացքում սեղմելով  մարմնի մասերը, դիպչելով դեմքին, ականջին, քթին  կամ էլ խաղում  են բանալիների հետ:
Ստախոսները խոսելու ընթացքում պատահականորեն ավելորդ ինֆորմացիա են հաղորդում: Նրանք մտածում են, որ  «գեղեցկացնելով» իրենց պատմությունը՝  այն դարձնում են իրականությանը մոտ: Արդյունքում  իրենք խճճվում են, ու պատմությունը դառնում է քիչ հավանական: Որքան ճարտար է խոսողը, այնքան հորինված է պատմությունն ու իրականությունից հեռու:
Երբ մարդ ստում է, ապա ձգտում է ուշադրություն դարձնել ոչ կարևոր փաստերի վրա՝ բաց թողնելով կարևորները: Չափազանցված դետալները օգնում են սուտ խոսողին վստահ զգալ, սակայն լսողը  կսկսի զգալ, որ ինչ-որ մի բան հաստատ այն չէ: Սա կարող է օգնել կռահել սուտ լինելու փաստն  այն առումով, որ կառչելով իր իսկ հորինած չափազանցված դետալներից՝ կարող ես նոր հարցեր տալ վստահ լինելու համար, որ նա ստում է:

 

Լաուրա Թաթմանյան

4-րդ կուրս

Կիսվել